Այն ամենից հետո, ինչ իրականացրել է ոստիկանությունը վերջին օրերին, կարող ենք ասել, որ սա ոստիկանություն չի այլեւս, սա կազմակերպված հանցավոր մի խումբ է, որը ղեկավարվում է հանցագործն մարդկանց կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Լկտի պահվածքը հասել է այն աստիճանի, որ այսօր առավոտյան ոստիկանության հանցավոր մի խումբ փորձ էր անում մուտք գործել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն եւ բերման ենթարկել մարդկանց: Իհարկե, մենք թույլ չտվեցինք մուտք գործել, բայց իրենք բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքացիների: Սա հանցագործություն է, որը անպատասխան ու անպատիժ չի մնալու:
Դժբախտաբար, ոստիկանությունը շարունակում է ծառայել այդ հանցագործին և կատարել նրա ապօրինի հրահանգները։ Փորձում են ճնշել, բռնություն գործադրել, ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի շարժումը չհաջողի և մարդիկ վախենան փողոց դուրս գալ»,-ասաց նա։
Ընդդիմադիր գորչի խոսքով, բողոքի ակցիաների մասնակից մի քանի երիտասարդներ մտել էին ՀՅԴ գրասենյակ, դրա համար ոստիկանները ուզում էին մտնել եւ բերման ենթարկել նրնց:
Սաղաթելյանը հայտարարեց, որ ոստիկանների բռնությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի հիստերիկայով, ակնհայտ է, որ ցայտնոտի մեջ են:
Նա հաստատեց, որ ՀՅԴ-ն իր ամբողջ ուժով ներգրավված է այս շարժման մեջ և ամեն ինչ անելու է, որպեսզի շարժումը հաջողի. «Բռնությունները որևէ կերպ չեն կարող հետ պահել պայքարից, ընդհակառակը, ստիպում են ավելի կտրուկ և հետևողական լինել մեր պայքարում»,-ասաց նա և կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, որոնք աջակցություն են հայտնել, ավելի մեծ ծավալով ներգրավվել։
«Այս սրբազան պայքարն այլընտրանք չունի, պետք է հասցնենք ավարտին»,-ասաց նա։











