Ով գեթ մեկ անգամ եղել է Երեւանի Ճանապարհային ոստիկանությունում, կարող է փաստել, որ այն գաղտնի կազմակերպություն է հիշեցնում, որի գրասենյակներն այցելուներին ուղղորդող ոչ մի նշան չունեն: Այսպիսի եզրակացության է եկել NEWS.am-ի մի ընթերցող, ով անհրաժեշտություն ուներ այցելել ճանապարհային ոստիկանության Երեւանի թիվ X բաժանմունք: Վերոնշյալ բաժանմունքի արտաքին մասում չկա ոչ մի համապատասխան ցուցանակ. առավելագույն կոնսպիրացիայի համար բաժանմունքի պատին մի կողմից մեծ տառերով գրված է «Shopping Mall», իսկ մյուս կողմից՝ «Աղավնի»։

Սակայն փորձառու բնակիչներն իսկույն կարողանում են հայտնաբերել այդ գրասենյակները երկու բնորոշ հատկանիշներով՝ դռան առջեւ ավտոմեքենաների եւ մարդկանց կուտակումով, եվ դռանը փակցված «Մուտքը սպորտային համազգեստով խստիվ արգելվում է» գրությամբ, որը կարելի է հանդիպել միայն ոստիկանությունում:

Ներս մտնելուն պես ի հայտ են գալիս կոնսպիրացիայի եւս մի քանի անուղղակի ապացույցներ՝ մարդկանց չափազանց մեծ կուտակում եւ որեւէ ուղղորդող կամ բացատրող ցուցանակների բացակայություն, բացի կաբինետների վրա փակցված տեսուչների ազգանուններից եւ բազմաթիվ դիմումների ձեւերից։ Իմիջիայլոց, շնորհիվ դիմումների օրինակների, այցելուն վերջապես կարողացել է պարզել, որ բաժանմունքը համար 3-ն է։

Միամիտ քաղացիների մոտ կարող է նաեւ տպավորություն ստեղծվել, որ Հայաստանի ՃՈ-ն ողբալի վիճակում է, քանի որ ստիպված է խնայել ամեն ինչ, որն ուղղված է այցելուներին. լուսավորությունը նվազագույնն է, պատերի ներկը` թափված, նստարաններն ու սեղաններն` անմխիթար վիճակում (Իսկ ահա կաբինետների ներսի կահույքն ու լուսավորությունը անհամեմատ ավելի բարվոք վիճակում են)։

Ամենատպավորիչը սակայն գրասենյակի աշխատակիցների կողմից այցելուներին ցուցաբերվող «ջերմ», «ընտանեական» մտերմիկ վերաբերմունքն է: Այստեղ մարդկանց վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես խիստ ծնողն իր չարաճճի, չլսող ու անհասկացող զավակին։ Նախ այցելուներին դիմում են «դու»-ով, ապա մեծամիտ խրատներ են տալիս. օրինակ. «Էս ի՞նչ ես գրել, քեզ դպրոցում սովորացնողի... Մեկ էլ սխալ ես արել դիմումդ կճղեմ նորը կգրես»։

Բայց Աստված մի արասցե եթե տեղի ունենա հակառակը։ Բրոունյան շարժում հիշեցնող հերթում կանգնած մի մարդ, կարեկցելով կաբինետում նստած «ընտանիքի հայր» տեսուչին, որ կատարում էր դիմումները մակագրելու «ծանր» ու «դաժան» աշխատանքը, կամաց ասաց իր հարեւանին. «Սրանց աշխատանքն էլ մի բան չի, առավոտից իրիկուն թուղթ լրացրու»։ «Չարաճճի զավակի» (որն ի դեպ տարիքով ավելի մեծ էր տեսուչից) «սրանց» արտահայտությունը խիստ վիրավորեց ոստիկանության զգոն աշխատակցին, ով անմիջապես կոպտորեն սաստեց «հանդուգն» այցելուին:

Հատկանշականն այն է, որ ոստիկանություն այցելող հասարակ քաղաքացիները լուռ տանում են իրենց հանդեպ այդ քամահրական վերաբերմունքը, ինչն էլ ավելի լկտի է դարձնում ոստիկանության աշխատակիցներին, որոնց թվում է, թե գործ ունեն իրենց ենթակաների հետ, որոնց կարելի է խրատներ տալ, կոպտել ու անգամ բղավել նրանց վրա: