Ընդդիմությունը ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի ամսի 17-ին. առաջարկ կար, որ դա տեղի ունենա ավելի շուտ. ԱԺ խորհուրդը չընդունեց այդ առաջարկը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Խորհրդում կառավարող ՔՊ-ն ամբողջական իր կազմով դեմ քվեարկեց: Այդ ուղերձի տեքստում երկու հատված կա: Կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են անվտանգությանը, սահմանազատմանը եւ այլն: Ես առաջարկեցի, որ մեր գործընկերները գան եւ վաղը մեկնարկող քառօրյա նիստերի ընթացքում, եթե կունենան հարցեր, կքննարկենք այդ հարցերը: Նաև թող գան եւ օգտվեն կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունից, եւ իրենց բոլոր մտահոգություններն ուղղեն ՀՀ ընտրված վարչապետին ու կառավարությանը:
Մյուս հատվածում կառավարության հրաժարականի մասով մենք ասել ենք, որ նման օրակարգ մինչեւ այս պահը չունենք, հետեւաբար չենք պատրաստվում այդ հարցը քննարկել»,-ասաց նա:
Կոնջորյանը նկատեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երբ պատգամավորների անհրաժեշտ թիվը դիմում է արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստ. «Այդ արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Մենք նման օրակարգ չունենք՝ դրանից բխող հետեւանքներով: Այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ»,-ասաց նա:











