ԱՄՆ-ի եւ այլ երկրների կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը ոչ մի արդյունք չեն տա: Այս մասին Թեհրանում տեղի ունեցած բրիֆինգում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Նա հայտնել է, որ Իրանը վերջին տարիներին պրակտիկորեն դադարեցրել է առեւտրատնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ եւ հետեւողականորեն զարգացնում է դրանք այլ երկրների հետ, ուստի այդ պատժամիջոցները ոչ մի զգալի արդյունք չեն ունենա:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ հայտարարված պատժամիջոցները ոչ այնքան տնտեսական նպատակներ են հետապնդում, որքան քարոզչական, ինչպես նաեւ ապացույց են, որ «դրանց նախաձեռնորղներն իրենք են կանգնած տնտեսական կրախի առաջ»,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Կանադան, ինչպես նաեւ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ պատժամիջոցներն ուղղված են, առաջին հերթին, Իրանի նավթաքիմիական եւ բանկային ոլորտների դեմ: