ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է ձեռնարկել: Պատժամիջոցները նախնական ձեռնարկվել են 11 ընկերությունների եւ մասնավոր անձանց դեմ, որոնք առնչվում են Իրանի նավթաքիմիական հատվածի հետ, ասվում է նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարթույան մեջ նշված է, որ ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկել` «բարձրացնելու այն գինը, որը Իրանը վճարում է իր գործողությունների համար»: Այդ միջոցները ձեռնարկվել են նավթաքիմիական արդյունաբերությանը ապրանքներով, ծառայություններով եւ տեխնոլոգիաներով մատակարարելն արգելելու ուղղությամբ: Դրանով իսկ «ընդլայնվում են էներգետիկական հատվածի նկատմամբ պատժամիջոցները` Իրանի համար բարդացնելով նավթագազային արդյունաբերության պահպանումն ու արդիականացումը»:

Առաջին անգամ Իրանի ամբողջ բանկային համակարգը սահմանվել է իբրեւ «սպառնալիք նրանց հետ համագործակցող կառավարությունների կամ ֆինանսական ինստիտուտների համար»:

Ըստ հայտարարության` պատժամիջոցները ձեռնարկվել են Իրանի մի շարք կազմակերպությունների նկատմամբ, որոնք կասկածվում են «իրանյան միջուկային ռեակտորների համար վառելիք արտադրելու», «ուրանի հարստացման ծրագրի համար նյութերի ապահովման» եւ «միջուկային զենքի եւ բալիստիկական հրթիռների արտադրման համար անհրաժեշտ նյութերի եւ տեխնոլոգիաների ձեռքբերման մեջ»:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այլ երկրներին եւս կոչ է արել հրաժարվել իրանական նավթագազային արտադրությունից եւ այլ մատակարարներ գտնել:

Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  (ԱԷՄԳ)  կառավարման խորհուրդը նոյեմբերի 18-ին Իրանի մասին բանաձեւի նախագիծ է ընդունել, որը պատրաստվել է միջազգային միջնորդական  «վեցյակի» կողմից: Բանաձեւի հողինակները կոչ են անում Իրանին գործակալության փորձագետներին թույլ տալ մոտենալ միջուկային օբյեկտներին եւ պնդում են, որպեսզի Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությունն ամրապնդվի:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել է նոյեմբերի 8-ին, երբ հրապարակվեց ԱԷՄԳ-ի հատուկ հանձնաժողովի զեկույցը, համաձայն որի` Իրանը միջուկային զենք է մշակում: Իրանը ԱԷՄԳ-ի զեկույցն անվանել է չհիմնավորված եւ քաղաքականացված: