Այս ամբիոնից իշխող ուժի պատգամավորների կողմից հնչում են վիրավորանքներ, որոնց համար ես ամաչում եմ ձեր փոխարեն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով իշխանությանը:

«Պետք չէ պիտակավորել և իջեցնել «պլինտուսից» ներքև: Էդ որ ասում եք լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք: Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, և՛ այն ամեն ինչն եք, ինչ այս ամբիոնից ասել եք: Վիրավորանքներով մեր երկիրը որեւիցե մի տեղ չի հասնելու»,-ասաց նա:

Դահլիճից արձագանքներ եղան, ԱԺ նիստը վարող Ալեն ՍԻմոնյանը միջամտեց եւ խնդրեց Գառնիկ Դանիելյանին մի փոքր ավելի զուսպ ու հանգիստ ելույթ ունենալ:

Երբ Դանիելյանը հարց ուղղեց, թե արդյոք նորմալ է, երբ մարդիկ դիմացինին անվանում են լափող ու ծաղրածու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարոն Դանիելյան, դուք էլ ձեր հարցազրույցների ժամանակ անձամբ իմ հասցեին շատ բաններ եք ասել»:

Գառնիկ Դանիելյանը շարունակեց. «Այս օրերին իմ, իմ ընտանիքի, իմ երեխաների նկատմամբ էլ բազմաթիվ վիրավորանքներ և սպառնալիքներ են եղել, բայց ես երբեք չեմ մտածել, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է: Մարդ չպետք է մտածի իր փչացածության աստիճանով: Ես ներողություն եմ խնդրում, որ Ազգային Ժողովը վերածվել է փոխադարձ վիրավորանքների՝ այս օրհասական վիճակի պահին»,- շեշտեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանն ընդգծեց՝ պատրաստ է մինչև վերջ ասել, մտածել և գործել հանուն հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության շահերի. «Այս մանդատն է՛լ, ու այս աթոռն է՛լ ինձ համար արժեք չունի՝ երկրից ավելի թանկ: Հարյուր անգամ մտածել եմ և իմ ընկերներին ասել եմ՝ այս մանդատն ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այստեղ»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ եթե շարժում է եղել, ապա նա առաջինն այդ շարժման մեջ է եղել ու պայքարել, որովհետև տեսել է անարդարություն. «Անձնական վիրավորանքներից եք խոսում՝ ձեզ «հավերժ մարմնավաճառ» էին ասում այն մարդիկ, որ այդ ժամանակ ԲՀԿ-ում ծվարած  էին, իսկ հիմա ուրիշ տեղ են ծվարած: Իջևանցի տղա եմ ու բոլոր ժամանակներում պատրաստ եմ խոսել: Ես իմ անձնականը հայրենիքից վեր չեմ դասում»,- եզրափակեց պատգամավորը: