ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 12-ին, չնախատեսված կանգառ և հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչների հետ:

«Վարդենուտում իրականացվելիք ներդրումային ծրագրի հետ կապված խնդիրների լուծումները պետք է լինեն բալանսավորված»,- իր էջում գրել է վարչապետը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նրան գյուղացիները դիմավորել են պաստառներով. «Մի խլեք մեր հողերը», «Չկա հող, չկա գյուղ»:

Փաշինյանը մոտեցել է նրանց ու հարցրել, թե ինչ են ուզում. «Մենք համարժեք փոխհատուցում ենք ուզում»,-ասացին գյուղացիները:

Փաշինյանը հարցրեց. «Մինչեւ էս ծրագիրը գյուղում մեկ քմ հողն ի՞նչ արժեր»:

Գյուղացիներն ասացին, որ 3 հազար դրամ է եղել, հիմա իրենք 2 հազար դրամ են պահանջում:

«Այս խնդրում ամենակարեւորը ճիշտ բալանսը գտնելն է: Եթե ուզում ենք ներդրում արվի, տնտեսությունը զարգանա, ուրեմն պետք է ճիշտ բալանսը գտնենք: Վերջին վարինտ, ներդրողը եթե տեսնի չի ստացվում,  կասի՝ ժողովուրդ ջան, չեք ուզում, ես գնացի: Երբ այդ ներդրումը տեղի ունենա ձեր տնտեսական հնարավորությունները կրկնապատկվելու են, եռապատկվելու են»:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ մովսիսյանն էլ ասաց. «Խելամիտ լուծումը սա է, որ հիմա գումարը 345 է, եւ ներդրողներն էլ որնց հասկանում եմ՝ մի քիչ հնարավորություն ունեն ավել գումար տալու: Եթե մեր ժողովուրդը կոնսենսուսի բերի, որ մի խելամիտ գումար առաջարկվի, ոչ 2 հազար դրամ»:

Գյուղացիներից մեկն արձագանքեց. «Դուք մեր վերջին հույսն եք պարոն Փաշինյան, նորմալ փոխհատուցում տվեք, որ մարդիկ սովից չմեռնեն: Էդ գյուղը կկործխանվի, ցավդ տանեմ: Քո խղճով»:

Փաշինյանը խոստացավ էլի մի անգամ նայել, հասկանալ իրավիճակը: