Միանշանակ ասել, որ արդեն ամեն ինչ ավարտված է, Թրամփը հաղթել է, դժվար է ասել, որովհետեւ մենք մինչեւ վերջ չգիտենք, թե ով է լինելու Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն. Քամալա Հարիսը երեւի ամենահնարավոր թեկնածուն է, բայց պետք է համագումար լինի, որտեղ դեմոկրատները կորոշեն իրենց թեկնածուին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
«Հիմա չենք կարող ասել՝ սեպտեմբերին դեբատներն ինչպես կանցնեն, 4 ամսում շատ բան կարող է փոխվել, բայց այն, որ դեմոկրատական կուսակցության դիրքերը թուլացած են, դա միանշանակ է: Բայդենն այս քայլը պետք է ավելի շուտ աներ: Մենք հասկանում ենք, որ ոչ թե ինքն է այդ որոումն ընդունել, այլ ազդել են այդ որոշման վրա:
ԱՄՆ-ում ընտրությունների համար 1-1,5 մլրդ դոլար է պետք եւ այն մարդիկ, որոնք այդ գումարները տալիս են, ուզում են հաշվետվություն, ուզում են գոնե տեսնեն, որ գոնե հնարավորություն կա հաղթելու: Բայց քանի որ պարզ էր, որ Բայդենը ի վիճակի չի շարունակել մրցապայքարը, արդեն ոչ միայն դոնորները, այլեւ դեմոկրատների ներսում կար պահանջ, որ Բայդենը չառաջադրվի: Վերջին կաթիլը երեւի Օբամայի եւ այլ հայտնի դեմոկրատների խոսքն էր, որոնք ասացին, որ ավելի լավ կլինի, եթե Բայդենը հրաժարվի պայքարից»,-ասաց նա:
Մարտիրոսյանը անդրադարձավ նաեւ Թրամփի դեմ մահափորձին՝ նշելով. «Միանշանակ կարելի է ասել, որ Թրամփի բախտը բերեց: Շատ դժվար է պատկերացնել այդպիսի բան, որ փամփուշտը անցնի ականջի միջով եւ չվնասի մարդուն: Զարմանալի է այն, թե ինչպես է 20-ամյա երիտասարդը հասել այնտեղ եւ կրակել: Ինչ երաշխիք է եղել, որ նրան չեն կանգնեցնի»:











