ԵՄ անդամության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունն անլուրջ գործընթաց է, որովհետեւ ցանկություններն ու հնարավորությունները իրար չեն համընկնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Ես ցանկություն ունեմ տուն գնելու, բայց փողը չի հերիքում, այծ կարող եմ գնել: Ես ուզում եմ բուհ ընդունվել, բայց գիտելիքներս չեն հերիքում, ես ուզում եմ աշխատել, բայց այդ հիմնարկն ինձ չի ընդունում, իմ ցանկությունն ի՞նչ կապ ունի: Պարզ չի՞, որ բոլոր հայերն էլ կուզեն, որ մենք ԵՄ անդամ լինենք, բայց ինչ կապ ունի մեր ցանկությունը հնարավորությունների հետ: Մեզնից զարգացած երկրներ կան, որոնք 25 տարի հերթի մեջ են: 25 տարի փոխում են իրենց օրենսդրությունը, ստանդարտները, ներքին կառուցվածքները: Եթե հանկարծ այսօր ԵՄ-ն ասի՝ դուք վաղն արթնանում եք ԵՄ անդամ, գիտե՞ք ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, կոչնչանա Հայաստանի տնտեսությունը, որովհետեւ այսօր ոչ մեր օրենսդրությունը, ոչ ապրնքների որակը, որ կառուցվածքները չեն համապատասխանում ԵՄ ստանդարտներին: Մեր ծիրանը, Ջերմուկը եւ մնացած ոչ մի ապրանք չի կարող վաճառվել ԵՄ տարածքում:
Այսօր առավելեւս ԵՄ-ի դռներն ավելի են ծանրացել, բացելն ավելի դժվար է լինելու: Վերջին ընտրություններում տեսանք տարբեր տեղերում աջերի հաջողությունները, որը տանում է նրան, որ մուտքը ԵՄ համայնք դժվարանալու է»,-ասաց Հակ փոխնախագահը:
Նրա համոզմամբ, թիթիզություն է անել հանրաքվե՝ որոշելու համար՝ հայ ժողովուրդն ուզում է ԵՄ անդամ դառնալ, թե ոչ. «Հայ ժողովուրդն ուզում է, բայց հայ ժողովուրդն ուզում է նաեւ իշխանություն, որն իրեն չի խաբի»:











