Այսօր Հայաստանից արտահանվող ապրանքների մեծ մասը, մոտ 90 տոկոսը գնում է Ռուսաստան, որը պետք է դիվերսիֆիկացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «tvyal.com» կազմակերպության տնօրեն, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

«Վերջերս մեր արտահանումը դեպի ԱՄԷ ավելի մեծացավ, քան Ռուսաստան: Կարող ենք դա կոչել դիվերսիֆիկացում, բայց դա այդպես չէ, որովհետեւ հիմնականում դա ոսկու վերարտահանումն է Ռուսաստանից դեպի Էմիրություններ:

2024-ի առաջին 4 ամիսներին մոտ 4 մլրդ դոլարի ոսկի է եկել Հայաստան: Դրանից մոտ 55 տոկոսը գնացել է էմիրություններ, 45 տոկոսը՝ Չինաստան ու Հոնկոնգ, որը էլի հարցեր է առաջացնում: Այս հոսքը արդեն դադարեցվել է կամ կրճատվում է, որովհետեւ Ռուսաստանը մայիսի 1-ից ազատականացրեց ոսկու շուկան, այլ ճանապարհներ է գտնում, որը մեր տնտեսական աճի տեսանկյունից որոշակի հարցեր է առաջացնում»,-ասաց նա:

Թավադյանը նկատեց, որ այս գործընթացը տնտեսական կախվածություն է առաջացնում, եւ մեր իրական արտահանումը այս պահին կրճատվում է. «Գյուղատնտեսական բոլոր ապրանքների գծով արտահանումը կրճատվում է, որոշ բացառություններով, եւ հիմնականում արտահանման աճը եւ ՀՆԱ-ի աճը ապահովել է ոսկու ներհոսքը: 2024-ի առաջին 4 ամիսներին ոսկու արտահանումը մեր ամբողջ արտահանման 76 տոկոսն է: Տեխնիկայի վերարտահանումը դեպի ՌԴ մոտ 8 տոկոս է: տակը բան չի մնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Թավադյանի ներկայացմամբ, այս պահին կրճատվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ արտահանումը, որը ցույց է տալիս տնտեսության իրական պատկերը. «Հիմա եթե ոսկու ներհոսքը դադարեցվի, որը արդեն դադարեցվում է, ապա մենք տնտեսական աճ չենք կարող ապահովել, եւ մենք կձգտենք մեր երկարաժամկետ միջինին, որը 15 տարվա կտրվածքով մոտ 4,5 տոկոս է: Այդ դեպքում մենք կծախսենք մեր պահուստային ֆոնդը, իսկ եթե 3 տոկոսի իջնի տնտեսական աճը, մենք կմեծացնենք մեր պետական պարտքը, որն այս պահյին արդեն հատել է 50 տոկոսի շեմը»,- ընդգծեց տնտեսագետը:

Թավադյանը հնարավոր համարեց բյուջեի ծախսերի կրճատման հեռանկարը՝ նկատելով, որ արդեն այս պահին բյուջեի ծախսերի թերակատարում ունենք: