Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշ այցի երկրորդ օրն այցելել է սահմանամերձ Կիրանց գյուղ: Նա հայտնել է, որ ավարտական փուլում է Կիրանց - Աճարկուտ 3,7 կմ հատվածի աշխատանքները, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է:

Նա ծանոթացել է Կիրանցի հիմնական ճանապարհը Ադրբեջանին փոխանցելուց հետո նոր կառուցված ճանապարհին, ցուցում տվել, թե ցուցանակը որտեղ տեղադրեն:

«Էս մի ցուցանակի մոտ կարայինք մի քիչ ավելի մեծ սարքեինք, վերեւն էլ դնեինք Կիրանցի վանքի նշանը, էդ մեկը հերիք է: Ցուցանակի կուլտուրան շատ կարեւոր կուլտուրա է, որը մեր երկրում անտեսվում է, ես էլ որ քշելիս եմ լինում,  շատ տեղերում չեմ կողմնորոշվում, հեռախոսն եմ բացում, բայց էս ցուցանակները շատ կարեւոր են»,-ասել է նա:

Այնուհետեւ Փաշինյանը ողջունել է մի խումբ բնակիչների, կանանց եւ երեխաների: Փաշինյանը երեխաներին առաջարկել է «3 անգամ 3» բասկետբոլ խաղի համար նախատեսված մարզադաշտ սարքել, քանի որ ֆուտբոլի դաշտ սարքելու դեպքում լիարժեք ֆուտբոլ չեն կարողանալու  խաղալ: Նա նաեւ ծաղիկներ է խոնարհել զոհվածների հուշարձանին, ծնկաչոք հարգել նրանց հիշատակը: