Ես խոստանում եմ, որ իմ պաշտպանական ճառը եւ վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն է լինելու ու շատ բացահայտումներ է լինելու, բայց խոստանում եմ, որ այն շատ ու շատ հետաքրքիր է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

«Այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները դուք այս ընթացքում ակնկալում  էիք, թե ինչի հետ է կապված այս գործը, սա միայն իմ գործն է, թե շատ ավելի խորքային արմատներ ունեցող գործ է, եւ այս գործը մեր երկրի վրա ընդհանրապես, ինչ հետեւանքներ կարող է ունենալ, այդ բոլորի պատասխանները կլսեք:

Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին: Այս առումով,  համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ հաջողվել է, այդ երկրների հետ ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել, ինչ է կատարվել:

Երբ ես ասում էի, որ սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ, ես սա հենց այս ամենը նկատի ունեի»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ցավոք իր կանխատեսումների մի մասն արդեն դարձել է իրականություն. «ես ունեմ էլի կանխատեսումներ, որոնք չեմ ցանկանա, որ իրականություն դառնան»:

Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։