Ինչպե՞ս են երկրները հաղթահարում աշխարհաքաղաքական բաժանումները՝ ստեղծելու տնտեսությունները միմյանց կապելու, ներդրումները և աճը խթանելու լավագույն միջոցը: Արդյոք դեպի ծով ելք չունեցող երկրները նոր դերակատարում ունե՞ն որպես առանցքային հանգույցներ ցամաքային կապի ձևավորվող դարաշրջանում: Ինչպե՞ս կարող է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպաստել Հարավային Կովկասի և նրա սահմաններից դուրս խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը։ Այս հարցերին էր նվիրված «Երևանյան երկխոսություն» 2024 միջազգային համաժողովի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից մինչև համագործակցություն» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկման մասնակից, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե կա թյուր կարծիք, որ պատմական անցյալն է պատճառը, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն իրականում Հայաստանի բոլոր կառավարությունների համար, նրա խոսքով, պատմությունը չի եղել հարաբերությունները կարգավորելու ռազմավարության հիմքում․ Հայաստանը միշտ բաց է եղել հարաբերությունները կարգավորելուն և սահմանները բացելուն։

«Մենք հիմա էլ ենք պատրաստ։ Եթե մեր թուրք հարևանները դրսևորեն քաղաքական կամք, ապա մենք կարող ենք լիովին կարգավորված հարաբերություններ ունենալ վաղը։ Ինչ վերաբերում է հաղորդակցություններին, ապա Հարավային Կովկասը հայտնի է իր փակ սահմաններով։ Դա վերաբերում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, թե՛ Վրաստանին, թե՛ Թուրքիային։ Կարծում եմ՝ հենց հիմա պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասը փակուղուց վերածելու խաչմերուկի, խաղաղության խաչմերուկի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հաղորդակցությունները չպետք է գերի դառնան աշխարհաքաղաքական մրցակցությանը, այլ որպես միջոց՝ փոխելու բացասական դինամիկան և կառուցելու խաղաղություն և համագործակցություն»,- ասաց նա։
Պանելային քննարկման մասնակից, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խաղաղության խաչմերուկը նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը Հարավային Կովկասում, ասաց, որ Հունգարիան 40 տարի տևած Սառը պատերազմից տուժած երկրներից մեկն է, նաև սահմանակից է Ուկրաինայում, որն արդեն երրորդ տարին պատերազմի մեջ է։ Ըստ նրա՝ եթե աշխարհում կա երկրներ, որ գիտակցում ու գնահատում են խաղաղությանը, տնտեսական համագործակցությանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ապա Հունգարիան անկասկած այդ երկրների շարքում է։

«Քանի որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, իսկապես տագնապալի է և մտահոգիչ․ բոլոր քաղաքական շարժումները մատնացույց են անում նրան, որ աշխարհը կրկին մասնատված է տարբեր բլոկների»,- ասաց նա՝ հավելելով, որ Հունգարիան դեմ է այսպիսի աշխարհակարգին և կողմ է Արևելքի և Արևմուտքի միջև համագործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն։
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև նշեց, որ իր երկիրը կարող է այդպիսի դեր խաղալ Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ «Քանի որ մենք կարող ենք խոսել այս հակամարտության երկու կողմերի հետ՝ երկու դեպքում էլ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց իրենց մայրաքաղաքում՝ Բուդապեշտում։
Ինչպե՞ս կարող են երկրները հաղթահարել աշխարհաքաղաքական բաժանումները և ստեղծել երկրները միմյանց կապող ուղիներ, ստեղծել տնտեսություն՝ հանուն իրենց ժողովուրդների բարօրության։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, պատասխանելով այս հարցին, ասաց, որ նախևառաջ պետք է լինի արդար և հավասար մրցակցություն։ Երբ մրցակցությունը գերիշխելու և վերահսկելու գործիք է դառնում, ապա դա արդեն մրցակցություն չէ և դա չի աշխատում։

«Եթե վերցնենք Սև ծովի տարածաշրջանի պատմությունը, ապա կնկատենք, որ այս տարածաշրջանը մրցակցության տարածք է եղել։ Դա կարող ենք ինչ-որ առումով նկատել նաև այսօր։ Եվ ընդկառակը, երբ մրցակցությունն արդար էր, երբ գերակշռում էր փոխադարձ ըմբռնումը, շատ աշխատանք է արվել։ Եվ փաստը, որ իմ կազմակերպությունը գոյություն ունի 32 տարի, շատ բանի մասին է վկայում»,- ասաց նա։
Լազար Կոմանեսկուն նաև ասաց, որ այս բաժանումները վերացնելու առումով կարևոր է, որ այդ նախաձեռնություններն ստեղծվեն հենց այս տարածաշրջանի երկրների կողմից։
Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ալիբեկ Կուանտիրովը, անդրադառնալով հարցին, թե արդյոք դեպի ծով ելք չունեցող երկրները նոր դերակատարում ունեն որպես առանցքային հանգույցներ ցամաքային կապի ձևավորվող դարաշրջանում և ինչպես է Ղազախստանը՝ որպես այդպիսի երկիր, առերեսվել այս խնդրին, ասաց, որ երկրները չպետք է գործեն միայնակ, այլ առևտրային, գործընկեր երկրների հետ միասին և համագործակցեն ոչ միայն սահմանակից, այլև ոչ սահմանակից երկրների հետ։

Ալիբեկ Կուանտիրովը նաև նշեց, որ Ղազախստանը ներկայում սերտ համագործակցում է Հայաստանի հետ մի քանի ուղղություններով և նույնպես պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերում։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դեյվիդ Բերտոլոտին, պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչ դեր կարող է ԵՄ-ն խաղալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն իրականություն դարձնելու գործում, ասաց, որ լիովին աջակցում են Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում և ողջունում են սահմանազատման աշխատանքներում գրանցած առաջընթացը։

«Այս առումով մեր ուղերձներից մեկն այն է, որ փոխկապվածությունը չպետք է դառնա զենք։ Այն չպետք է ճնշում բանեցնելու ուղի դառնա, որպեսզի, օրինակ՝ տվյալ երկիրը բացի արտատարածքային միջանցք, կամ պարտադրվի այլ երկրի ուժերի ներկայությունը մեկ այլ երկրի տարածքում»,- ասաց նա՝ հավելելով, որ «տարածաշրջանում երկրների փոխկապվածությունը պետք է իսկապես փոխշահավետ լինի՝ հիմնված տվյալ երկրի ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»։ Դա նրա խոսքով, վերաբերում է նաև սահմանների վերաբացմանը։
Դեյվիդ Բերտոլոտին նաև նշեց, որ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված է Հայաստանում և տարածաշրջանում տարբեր նախագծեր իրականացնելով։ Մասնավորապես, շուտով Ֆրանսիան Հայաստանում կունենա փորձագետ, որը կզբաղվի երկրների փոխկապվածության հարցերով։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Global Gateway նախաձեռնությունը առաջատարներ նախագծերից մեկն է, որը Հայաստանի համար մինչև 2027-ը ներդրումային մեր ռեսուրսներ է ենթադրում՝ մոտ 2.5 մլրդ եվրո։











