Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները մտածում են, որ պատասխանատվության զգացում պետք է ունենան միայն ավագանու իշխանությունը ներկայացնող անդամները, բայց այդպես չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր երեք անդամների լիազորությունները դադարեցնելու մասին:

«Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, դուք ունեք նվազագույնը երկու պարտականություն՝ պետք է մասնակցեք հանձնաժողովի նիստերին եւ ավագանու նիստերին: Եթե խոսում ենք բոյկոտից, բոյկոտը բացառություն է: Այսինքն դուք քո բնականոն աշխատանքն իրականացնում ես, առանձին հարցերի մասով բոյկոտում ես: Չնայած կոնկրետ Գրիգոր Երիցյանի մասով անգամ բոյկոտի հետ գործ չունենք, որովհետեւ նույն խմբակցության մյուս անդամները եկել են:

Իմ ողջամիտ ենթադրություն այն է, որ երբ ես որպես ընտրող որոշակի ուժի տվել եմ քվե, տվել եմ, որ էդ մարդիկ գնան գործ անեն, ոչ թե նստեն տանը: Կոնկրետ Պարոն Երիցյանին ասվել էթ, որ եթե շարունակի հանձնաժողովի նիստերին չգալ, իր հարցը կբերեն օրակարգ: Դրանից հետո ինքը հանձնաժողովի նիստերին չի գալիս: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. Կամ իր համար միեւնույն է, կամ ինքը ցանկանում է, որ իրեն հեռացնեն ավագանուց, որ հետո ասի՝ ես ուզում էի գալ, բայց ինձ հանեցին, գոռա, որ ժողովրդավարությունը ռիսկի տակ է»,-ասաց փոխքաղաքապետը:

Նա պնդեց, որ ՔՊ-ի խմբակցությունում չկ այդպիսի մարդ, որ նման ձեւով չի ներկայանում նիստերին: