Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, շարունակվում է  ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Պաշտպաններն ավարտել են իրենց ճառերը, նախատեսվում է, որ այսօր պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես կգա Հրայր Թովմասյանը։

Նախորդ նիստի ավարտից հետո Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն են լինելու կամ բացահայտումներ են լինելու,  բայց այն շատ հետաքրքիր է լինելու:

Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին: Այս առումով,  համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ հաջողվել է, այդ երկրների հետ ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել, ինչ է կատարվել»:

Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։