Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչներն արդեն 4-րդ օրն է հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել. նրանց խոսքով, դպրոցների օպտիմալացման ծրագրի շրջանակներում իրենց դպոցը պատրաստվում են փակել, երեխաներին էլ ուղարկել հարակից Երվանդաշատ գյուղում նոր կառուցվող դպրոց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեցին գյուղի բնակիչները՝ նշելով, որ իրենց դպրոցը 100-ից ավել աշակերտ ունի։

«Ճանապարհը շատ երկար է՝ 4 կմ, տրանսպորտ էլ չկա։ Եթե տրանսպորտ տրամադրեն էլ, ես չեմ վստահի, որ իմ երեխայինն էդ սարերով ու ձորերով տանեն»,–ասաց Բագարանի բնակիչներից մեկը։

Բնակիչների խոսքով, նախապես որոշել էին նոր դպրոցը Բագարանում կառուցել, սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ գյուղում հարմար տարածք չկա, կրթահամալիրը որոշեցին  Երվանդաշատում կառուցել։

«Արդեն 4-րդ օրն է՝ դպրոցը փակ է, ո՛չ կառավարությունից, ո՛չ նախարարությունից ոչ մեկը չեկավ, տեսնի էս երեխեքն ինչի՞ դպրոց չեն գնում»,–ասաց Բագարանի բնակիչներից  մեկը՝ շեշտելով, որ իրենք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսօր առավոտյան համայնքի ղեկավարը բնակիչների հետ կապ է հաստատել ու հավաստիացրել, որ ծրագիրը կասեցվել է ՝ հաշվի առնելով ծնողների բողոքները։ Բագարանցիները սակայն, ասում են՝ առաջին դեպքը չէ, երբ մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները նման բանավոր խոստումներ են տվել, և մոռացել այդ մասին։

Սահմանամերձ գյուղի բնակիչները վրդովված են, ասում են՝ գյուղում մանկապարտեզ չկա, եթե դպրոցների օպտիմալացման ծրագիրն իրագործվի, դպրոց էլ չի լինի։ Գյուղի երեխաներից մի քանիսը հարևան Երվանդաշատ գյուղում են մանկապարտեզ հաճախում, շատերը սակայն, դժվարանում  են երեխաներին ամեն օր կողքի գյուղ տանել։

«Ես մանկապարտեզի երեխա ունեմ, բայց չեմ կարողանում տանել մեքենայի պատճառով։ Աշխատում եմ, չի հարմարվում, որ տանեմ, բերեմ։ Երեխան մնում է տանը, մանկապարտեզ չի գնում։ Նույնն էլ դպրոցի հետ է լինելու, եթե այս ծրագիրը շարունակվեց»,–պատմեց գյուղի բնակիչներից մեկը։

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին,  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բագարան գյուղի դպրոցի խնդրին և հավաստիացրել, որ ուսումնական պրոցեսը կարգավորված է։ Սակայն մեր տեղեկություններով, ծնողները դեռևս հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, ասում են՝ չեն ուղարկի, մինչև չստանան ծրագրի կասեցման մասին գրավոր փաստաթուղթը։