Հայաստանում «Գաղտնազերծման մասին» օրենքը ոչ հիմա,  ոչ էլ ապագայում չի ընդունվի: Այդ մասին «Արմենպրեսս» գործակալությանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, կարծիք է ստեղծվում, որ նման  նախաձեռնությամբ հանդես եկողները  խորությամբ չեն ընկալում  ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը,  պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ  անվտանգության համակարգի  եւ հետեւապես` պետության համար:

«Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում, հետխորհրդային մի քանի հանրապետություններ  նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ հասարակության լայն խավերի հավանությանը եւ ժամանակին կասեցվեց:

Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում եւ չի կարող գործել  առանց գործակալական ցանցի, եւ նույնիսկ նախկինում համագործակցած  գործակալների բացահայտման նախադեպը  զգալի հարված կհասցնի  անվտանգության ողջ համակարգին:

Հիմա մի քանի խոսք գործակալների մասին: Նրանց ճնշող մեծամասնությունը եւ խորհրդային ժամանակաշրջանում եւ այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ են:

Արժե  նշել, որ ելնելով երկրի  զարգացման արդի իրողությունից, անկախ պետականության գոյությունից,  հիմնովին վերաիմաստավորվել է ծառայության կողմից լուծվող քաղաքացու, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանն  ուղղված խնդիրները:

Վերջին տարիներին Հայաստանի տարածքում  արտասահմանյան  լրտեսների  բացահայտման  հիմնական վաստակը  անվտանգության ծառայության հետ  համագործակցող անձնավորություներինն է, որոնց մասին կոնկրետ  տեղեկությունները  համաձայն ՀՀ օրենքի հանդիսանում են պետական գաղտնիք:

Կարծում եմ, որ «Գաղտնազերծման մասին» օրենքը ոչ հիմա, ոչ էլ ապագայում չի ընդունվի: Անկախ բոլոր քաղաքական ելեւէջներից մեր հայրենակիցները ամեն ինչից վեր կդասեն Հայրենիքի անվտանգությունը»,- ասել է Գորիկ Հակոբյանը:

Նշենք, որ օրինագծի հեղինակները նշում են, որ օրենքը վերաբերում է օտար գործակալներին բացահայտելուն եւ որեւէ կապ չունի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Օրինագիծը ենթադրում է այն պաշտոնների աշխատանքից ազատում, ովքեր մինչեւ 1991-ի սեպտեմբերի 21-ը կապ են ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: