Արցախից բռնի տեղահանված Էլիզա Բաղդասարյանը 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմն է հայրենիքում թողել, սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով էլ մինչեւ օրս փեսան է անհետ կորած համարվում։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նա պատմում է՝ որդու աճյունը իրենց հետ Հայաստան բերել չեն կարողացել, ու ամեն օր քնում ու արթնանում են որդու շիրիմին ծաղիկ դնելու ու սիրտը թեթևացնելու փափագով։
«Թշնամին Գանձասար էր մտել, հավաքվել լցվել էին մեր եկեղեցին, որ պղծեն։ Արդեն նման խոսակցություններ էին հասել ժողովրդին։ Ասացի դե լավ, գնանք Հայաստան, գուցե թուրքերին հետ մղեն, նորից գնանք մեր տուն։ Մինչև օրս հույս ունեմ»,–հիշում է զոհված զինծառայողի մայրը։
Էլիզա Բաղդասարյանը բոլոր մանրամասներով հիշում է հայրենիքում անցկացրած վերջին օրերը, ասում է՝ մտածում էր, թե կրակոցները կդադարեն ու թշնամին ինչպես միշտ՝ հետ կշպրտվի, բայց ո՞վ կպատկերացներ, որ այս անգամ կառաջանա ավելի քան երբևէ, ու իրենց կստիպի լքել հայրենքը։
«Ահ ընկավ ջանս, սագերին ներս մտցրի ու դուրս եկա, տեսա հարևանները բոլոր լացում են, երեխաները դպրոցից եկել, դողում են, ահավոր էր։ Երկու բառ դեռ չէինք խոսել, երբ առաջին երկու արկերը գցեցին, ծուխ բարձրացավ»,–պատմում է նա։
Հրետակոծության որոտներն ու կրակահերթերի ձայները լսել ու դեպի ապաստարան են վազել բնակիչները, տիկին Էլիզան, սակայն, տուն է վերադարձել, որի բակում որդու հիշատակին նվիրված խաչքարն էր։ Ասում է՝ խաչքարի կողքին Արցախի դրոշն էր տեղադրված, վախեցել է, որ թշնամին դրոշը կտեսնի ու խաչքարն էլ կթիրախավորի։
Ժամեր անց ստիպված է եղել վերցնել զոհված որդու զինվորական համազգեստը, մեդալներն ու լուսանկարներն ու լքել հայրենի տունը։
Նշենք, որ այսօր լրացավ Արցախի հայաթափման մեկ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հայաբնակ Արցախի երկարատև շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները ռազմական գործողություն սկսեցին, որը կոչված էր ահաբեկելու խաղաղ բնակչությանը և ստիպելու նրանց լքել իրենց տները։











