ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկնել է այն, ինչ արդեն ասվել է: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ Ռուսաստանը չէր ցանկանում անցնել նման հռետորաբանության՝ հուսալով, որ Հայաստանի հետ հարցերը հնարավոր կլինի լուծել փակ խողովակներով։

«Զախարովան ակնարկել է, որ եթե ցորենը չհասնի Հայաստան, և հացը թանկանա, բնակչությունը կարող է կտրուկ քայլերի դիմել։

Միաժամանակ, դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերապրի մի քանի ցուրտ ձմեռ, իսկ հետո ամեն ինչ լավ կլինի։ Մոռացե՞լ եք՝ ինչպես ավարտվեց նույն պատմությունը 1990-ականներին։ Նույնիսկ Ռուսաստանի մոլի քննադատ Լևոն Տեր-Պետրոսյանը բռնեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհը։ Միջպետական ​​հարցերում կարևորը շահերն են»,- հավելել է Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները խոսում են ադրբեջանական գազ գնելու իրենց պատրաստակամության մասին, որը Բաքուն պարզապես չի վաճառի։ Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը խոսում է խաղաղության պայմանագրի երեք չլուծված կետերի մասին։

«Հայաստանի իշխանությունները պատրաստ են ստորագրել այս երեք կետերը, բայց չգիտեն, թե ինչպես դա «ձեռնտու գնով վաճառեն» բնակչությանը, քանի որ այդ կետերը կարող են նշանակել Հայաստանի վերջը։

Չի բացառվում, որ կետերից մեկը վերաբերում է ադրբեջանցիների կողմից Հայաստանի բնակեցմանը, և Հայաստանի իշխանությունները չգիտեն, թե ինչպես դա պարտադրեն բնակչությանը, դրա համար էլ չեն համաձայնում և Արցախ հայերի վերադարձի թեման չեն բարձրացնում։

Իշխանությունները պատրաստվում են ընտրությունների և փորձում են բնակչությանը պարտադրել մի փաստաթուղթ, որն իբր խաղաղություն կապահովվի։ Ընդ որում, հասարակությունը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել և հավատալ դրան, ինչն էլ շահարկում են իշխանությունները։

Ադրբեջանը շտապում է, քանի որ չգիտի՝ թե Փաշինյանը որքան ժամանակ է լինելու Հայաստանի ղեկին և ինչ է լինելու նրանից հետո։ Հիմա Բաքուն ցանկանում է փակել Արցախի հարցը և հիմք ստեղծել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացման համար՝ Հայաստանը բնակեցնելով ադրբեջանցիներով»,- հավելել է Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ՝ խաղաղության պայմանագրի ձևով հարցի լուծումը ձեռնտու է Արևմուտքին, քանի որ կարծում է՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կապված է Արցախի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետ։

«Նրանց թվում է, որ եթե այս հարցերը դուրս գան դիսկուրսից, Հայաստանըն էլ դուրս կգա Ռուսաստանի կախվածությունից։ Բայց երբ Հայաստանը կազատվի, ինչպես իշխանություններն են ասում Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից, նա կդառնա գործիք Արևմուտքի ձեռքին՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության»,- եզրափակել է փորձագետը։