Ինչո՞ւ, Թուրքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ընկերը չէ՞, Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ գիտեք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է օգնել Թուրքիան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ինչի մասին խոսել է փաշինյանը Էրդողանի հետ հանդիպմանը:

«Թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը «արյան ծով» պետք է սարքենք: Մոռացեք, պետք է գնանք դեպի խաղաղություն: Տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն, Թուրքիան էլ անելիք ունի:

Գերիների հետ կապված եղել է մի շրջան, երբ Էրդողանը գնաց հայկական եկեղեցի, իր մտերիմի հոգեհանգստին մասնակցելու, ես անմիջապես Արման Բաբաջանյանին առաջարկեցի ինձ ուղեկցել Վեհափառի մոտ, քանի որ ունեմ ասելիք եւ խնդրանք Վեհափառին:

Ես Վեհափառին առաջարկել եմ, որ Ստամբուլում մեր պատրիարքը առաջարկի, որ գերիների հարցում ունենանք Թուրքիայի ղեկավար կազմի աջակցությունը, մասնավորապես պարոն Էրդողանի: Ես գիտեմ, որ պատրարքը կարող է նման խնդրանքով դիմել: Դա տեղի ունեցավ ու Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը գնացել ու ճշտել է, թե ոնց ենք դա անելու: Հիմա ես չեմ կարող ասել՝ դա ինչ արդյունք տվեց,  բայց մենք արդյունք տեսել ենք»,- ասաց նա:

Անդրադառալով  խաղաղության պայմանագրի գործընթացում Սահմանադրությունը փոխելու հավանականությանը, պատգամավորն ասաց, որ Սահմանադրություն փոխողը ժողովուրդն է: