Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի հաղթողներին` Վրաստանը ներկայացնող «Քենդի» խմբի անդամների պատվին, Թբիլիսիի կայարանում փառահեղ ընդունելություն են կազմակերպել: Նրանք Երեւանից գնացքով Թբիլիսի են ժամանել այսօր` դեկտեմբերի 5-ի առավոտյան:
Գվանցա Սանեբլիձեին, Իրա Կովալենկոյին, Աննա Խանչալյանին, Մարիամ Գվալաձեին եւ խմբի ամենափոքրիկ մասնակից Իրինա Խեչանովային երկաթուղային կայանարում նրանց հարյուրավոր երկրպագուները, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները դիմավորել են բազմագույն փուչիկներով, կոնֆետներով ու ծաղիկներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հենց կառամատույցում նրանք կատարել են «Քենդի մյուզից» երգը, որը երեւանյան եվրատեսիլում հավաքել է 108 միավոր եւ հաղթող ճանաչվել:
Լրագրողներին աղջիկներն ասել են, որ «շատ ուրախ են եւ հպարտ իրենց հաղթանակով»: Նրանք նշել են, որ հաղթել են ոչ միայն իրենք, այլեւ ողջ Վրաստանը: «Մենք շատ մեծ պատասխանատվություն էինք զգում եւ, իհարկե, նյարդայնանում էինք, բայց մեր երազանքները կատարվեցին` մենք հաղթեցինք»,- ասել է Գվանցա Սանեբլիձեն:
Նշենք, որ սա Վրաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Առաջին հաղթանակը Վրաստանին բերել է «Բզիկեբի» (մեղուներ) խումբը` 2008-ին, Կիպրոսում:
Այդ խմբի անդամները նույնպես գտնվում էին երեւանյան եվրատեսիլին` պատվավոր հյուրերի կարգավիճակում:
Նախորդ տարի, «Մանկական Եվրատեսիլում» հաղթել էր Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով:











