«Դիլիջանի միջազգային դպրոցի բոլոր ուսանողները դառնում են ընտրությամբ հայ։ Երկու տարի այստեղ անցկացնելուց հետո (իմ պարագայում՝ չորս), անհնար է չներծծվել հայկական մշակույթի մեջ, չհուզվել հայոց պատմությամբ, հայ ժողովրդի հյուրասիրությամբ։ Կարծում եմ, մենք, թերևս, մարմնավորում ենք հայկականության մի տարբերվող տեսակ, և «ընտրությամբ հայ»-ը ճիշտ ձևակերպում է այսօրինակ փորձառության համար, քանի որ մենք թեև հայ չենք արյունով կամ այստեղ ծնվելու առումով, բայց սիրո դրսևորումներ, զգացմունքներ ու մեծ հարգանք ունենք այս երկրի նկատմամբ»։ Սրանք UWC Դիլիջան միջազգային դպրոցի նախկին սան, ուրուգվացի Պաուլա Լեգիսամոյի խոսքերն են, որի հետ NEWS.am-ը զրուցել է UWC Դիլիջան միջազգային դպրոցի 10-ամյակի կապակցությամբ:

Պաուլան բուհական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Դիլիջան և ներկայումս UWC Դիլիջանում փիլիսոփայություն է դասավանդում:

Պաուլայի պատմությունը ոչ միայն UWC Դիլիջանում սովորելու փորձառության, այլև ինչ-որ առումով հայ-ուրագվայական բարեկամական կապերի մասին է: Նա պատմում է, որ երբ

17 տարեկանում ընդունվել էր UWC Դիլիջան և պետք է գար Հայաստան, ուրուգվահայերից մեկը, պատահաբար լսելով այդ մասին, սկսել է մեծ ջերմությամբ ներկայացնել իր պատմական հայրենիքը: «Ես զարմացած մտածում էի՝ «այս ի՛նչ տեղ եմ գնում, որ մեկը, ով ծնվել ու մեծացել է աշխարհի բոլորովին այլ ծայրում, նման խանդավառությամբ է պատմում իր երկրի մասին, և իր կյանքի երկու ժամը նվիրում է անծանոթ մի աղջկա՝ պարզապես պատմելով իր երկրի մասին»։ Դա, իրոք, շատ յուրահատուկ պահ էր, ու ես հասկացա, որ ես բոլորովին այլ տեսակի երկիր եմ գալիս»,-ասում է Պաուլան։

Խոսելով Դիլիջանում ուսանելու իր փորձառությունից՝ նա նշել է, որ սովորել UWC Դիլիջանում, նշանակում է Հայաստանի մշակույթի մասին իմանալ սեփական փորձառությամբ, հասկանալ, թե ինչ զգացողություններ են հայերն ունենում, երբ գնում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ «Վանք մտնելու, վանքի շրջակայքում լինելու որոշակի վարքագիծ, պահվածք կա։ Ինձ համար չափազանց տպավորիչ է այն, թե ինչպիսի հարաբերություններ ունեն հայերն իրենց երկրի հետ։ Չեմ կարծում, որ այս երևույթը ես երբևէ նախկինում տեսել եմ․ սերը սեփական մշակույթի հանդեպ, ազգային ավանդույթները պահելու կարևորությունը, հայ լինելու իրավունքը պաշտպանելը, այս ամենը հիասչքանչ է»։

Բացի դասավանդելուց՝ նա ուսանողների հետ կիսվում է իր սեփական փորձով, խրախուսում համայնքի հետ կապը. «Նշում եմ, թե որքան կարևոր է հասկանալ այն մշակույթը, որի մեջ ենք մենք հիմա և հարգանք դրսևորել այդ մշակույթի նկատմամբ։ Իմ ուսանողներից մեկը մի նախագիծ է ղեկավարում, որը կայուն զարգացման մասին է և նախատեսված է դիլիջանցի երիտասարդների համար։ Երեխաները գալիս են կամպուս, օգտվում են մեր հարմարություններից։ Կարծում եմ, որ սա նաև աջակցություն է Դիլիջանին, քանի որ նոր սերունդն ավելի շատ բան է իմանում կայունության մասին»։

Խոսելով Հայաստանի համար UWC Դիլիջանի նշանակության մասին՝ Պաուլան նշում է, որ դպրոցի համահիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը դպրոցն աշխարհի հետ կապել են միանգամայն այլ ճանապարհով: Նա կարծում է, որ UWC ցանցի մեկ այլ քոլեջում միգուցե իրենք նման հնարավորություններ չունենային. «Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի դերը շահույթ չհետապնդող սեկտորում այն է, որ դպրոցը ոչ թե պարզապես դպրոց, այլև աշխարհի հետ կապ հաստատող դպրոց լինի։ Երբ ուսանող էի, «Ավրորա երկխոսություններ» քննարկումների շարքն էինք հյուրընկալել մեր դպրոցում։ Դա ահռելի հնարավորություն էր սովորելու այն մարդկանցից, որոնք այդքան հրաշալի գործեր էին անում աշխարհում։ Ուստի, դու ոչ միայն կրթական փորձ ես ձեռք բերում 11-12-րդ դասարանների համար, այլև հաղորդակից ես դառնում ամբողջ աշխարհին այն ժամանակ, երբ դու անգամ համալսարան չես ընդունվել»։