Արցախի և հազարավոր հայորդիների կորստի ցավն անտարբերություն է ստեղծել, բայց այս իրավիճակից դուրս գալու համար հստակ ռազմավարություն է պետք ձևավորել և համախմբվել դրա շուրջը: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ու արժեքային ճգնաժամից դուրս գալու ուղիներին։
«Զոհված լինելու հոգեվիճակում ենք մենք: Այդ գոհեվիճակը մարդուն ազատություն չի տալիս: Այո, դժվար կացության մեջ ենք, բայց պետք է համախմբվել, ծրագիր ստեղծել եւ դրա շուրջ ամեն մարդ պետք է իր մասնակցությունը բերի»,- նշեց Սրբազանը։
Խոսելով այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի վտանգին և արդյոք պետք է հարաբերությունների կարգավորման գնալ ցանկացած գնով, Սրբազանը նկատեց․ «Երբ զորավոր ես, քո ձայնը լսելի է, երբ զորավոր չես, խեղճ ես: Ուրեմն ըստ իս, պետք է զորանալու ռազմավարություն ստեղծել: Իրապաշտ պետք է լինենք, Արդբեջանն այսօր բոլոր իմաստներով զորավոր է: Իրենք այս 25 տարիներին նաեւ շատ լավ դիվանագետներ են պատրաստել, շատ հստակ ռազմավարություն ունեն եւ դա իրագործում են: Հետեւաբար, պետք է ընդունել, որ Ադրբեջանն այսօր այն չէ, ինչ 30 տարի առաջա էր: Իսկ մեր զորանալու համար պետք է ձեւը գտնել միասնականության: Պետք է հրեաների օրինակը վերցնել: Քաղաքականության մեջ բարեկամ չկա, շահեր կան: Պատմությունը ցույց է տալիս, որ այսօրվա բարեկամը կարող է վաղվա թշնամին լինել եւ հակառակը: հետեւաբար, եթե մեր նպատակը հայաստանը պահել, պահպանելն է, պետք է զորանանք»:
Սրբազանի համոզմամբ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է ազատ շուկա ունենալը, որովհետեւ միայն մեկ տեղից կախված լինելը լավ չէ:
«Ազատ շուկան տնտեսությունն է հզորացնում, իսկ երբ երկրի տնտեսությունը զորավոր է, մյուս հարցերը լուծելու ավելի շատ հնարավորություններ կան: Ես հավատացած եմ, որ Թուրքիայի հետ սահմանների բացվելը շատ կարեւոր է ազատ շուկայի համար, բայց այնպիսի ձեւով պետք է անել, որ օրենքների, կանոնների համաշխարհային հարցեր չստեղծեն: Պետք է բաց ձեւով մտածել, եթե մեր նպատակը Հայաստանը հզորացնելն է։ Երբ հզոր ես, հարող ես նաեւ թուրքերի հետ նստել ու համաձայնությունների գալ: Եթե հզոր չես, կխղճան քեզ ու կարեւորություն չեն տա»,- ընդգծեց Խաժակ Սրբազանը:











