Թուրքիայի հետ հարաբերությունների ընթացքում կարելի է Հայոց ցեղասպանության հարցը մի կողմ դնել, բայց և չասել, թե ցեղասպանություն չի եղել: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը լեզու գտնել Թուրքիայի հետ, ի՞նչ գնով, ինչպե՞ս անել, որ թե՛ Հայաստանը ստիպված չլինի սկզբունքային զիջումների գնալ, թե՛ Թուրքիան շահագրգռված լինի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

«Ժամանակին, երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, դա լավագույն մոտեցումն էր. չպետք է ընդունել, որ Ցեղասպանության հարց չկա, այլ այդ հարաբերությունների ընթացքում ասել՝ եկեք այդ հարցը մի կողմ դնենք, ուրիշ հարցերով շարունակենք մեր խոսակցությունը: Չպետք է ընդունել, որ Հայոց ցեղասպանությունը չի եղել, դա ամենամեծ սխալը կլինի, բայց, ըստ իս, չպետք է ստիպել, որովհետեւ ստիպելու ուժը չունենք:

Երբ հարաբերություններ հաստատվեն թուրքերի հետ, նրանց հետ, կարծում եմ, շատ ավելի դյուրին կլինի հարաբերվելը, քան գերմանացիների, իտալացիների եւ այլոց հետ, որովհետեւ մեծ փորձառություն կա՝ մենք դարերեով միասին ենք ապրել, ես անգամ չգիտեմ՝ իմ արյան մեջ քանի տոկոս ինչ կա․․․ Ես կարծում եմ, որ չպետք է վախենալ: Հասկանալի է՝ պատմությունը կա, բայց խիզախ պետք է լինել: Երբ զորավոր ես, խիզախ պետք է լինել: Ամենակարեւորը հայրենիքի հզորացումն է, որի համար պետք է ծրագիր ունենալ, քայլեր անել եւ չվախենալ»,- ընդգծեց Սրբազանը։