Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ժամանակին առաջարկել էր համաձայնեցված 5 սկզբունքների հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր եւ Հայաստանը համաձայնել էր. հիմա ունենք համաձայնեցված 13 հոդված, բա ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, որ տիկին Գաֆարովան իրենց իշխանության անունից առաջարկում էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը շատ վաղուց Ադրբեջանի դաշտում է: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք:
Նույնիսկ միջազգային գործընկերներն արդեն հարթակներ են առաջարկում: Սա եւս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է: Նույն COP29-ի պարագայում, արդեն պատկերացնում եմ, թե արդյոք պետք է, որ միջազգային գործընկերները, որ պետք է այցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի նկատմամբ: Դա Ադրբեջանին այդքան պե՞տք է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով վարչապետի կողմից օրեր առաջ ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ արված հայտարարությանը, թե եթե Խաղաղության պայմանագրին խանգարի ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը այն կփոխի, Սիմոնյանը պարզաբանեց, թե իրականում ի՞նչ է ասել ՀՀ վարչապետը․ «Վարչապետը ասել է, եր եթե նման բան կլինի, Սահմանադրական դատարանը կորոշի, որ դա հակասում է, նոր կմտածենք դրա մասին։ Ո՞նց եք պատկերացնում՝ առանց բազմաթիվ անգամներ իրավաբանների ու սահմանադրագետների հետ խոսելու, մենք կարող էինք նման հայտարարություն անել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը:
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:
Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:











