Մեր թիմում կան մարդիկ, որոնք եղել են հանրապետականներ, ու հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել. «Այլ հարց է, թե մարդը կրո՞ւմ է հեղափոխական արժեքները, թե գնում է իր մանկության երազանքի հետևից ու ուզում է մեծանալ Սերժ Սարգսյան դառնալ կամ Ռոբերտ Քոչարյան դառնալ ու այդ բարքերն ու արժեքները կրի:

Գրեթե բոլոր պաշտոնյանները մեր խմբակցության շնորհիվ են հայտնվում պաշտոնին ու երկու տարի հետո այս պատգամավորները գնալու են դռնեդուռ ու քաղաքացիներից քվե խնդրեն։ Մեր իրականության մեջ դա չպետք է մոռանանք»,- ասաց նա։

Սիմոնյանը շեշտեց, որ գոհ է իր գործընկերներից ու համարում է, որ Կառավարությունն ու պաշտոնյանները առկա մարդկային ռեսուրսներով հնարավորինս լավագույն տարբերակն են։