Որևիցե մեկը իրավունք չունի ՀՀ նախագահին և ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանգելով դիտարկմանը, թե «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ընդդիմադիր շրջանակները քննադատել են Մետաքսե Հակոբյանին «զիբիլի վրայի կատու» ասելու համար:

«Ինքը դուրս եկավ մեր առաջ, մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ մի կողմ գնացեք, ասաց՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց:

Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսեն Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությունից եթե նման արտահայտություն աներ, իրա հետ ի՞նչ էր լինելու: Որևիցե մեկը իրավունք չունի իրեն նման բան թույլ տալ: Իրենք տեղը չեն բերում՝ որտեղ են գտնվում և ում հետ են շփվում, և ես խոստանում եմ իրեն և իր շուրջը պտտվող մադկանց, որ հաստատ տեղը բերելու են»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նկատեց՝ իրենք գտնվում են ՀՀ-ում որպես մեր հայրենակիցներ, ունեն նույն իրավունքները և նաև նույն պարտավորությունները. «ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին նման կերպ դիմելը անթույլատրելի է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ինչ-որ բաներ էր վանկարկել, Ալեն Սիմոնյանն էլ ասել էր. «Էդ զբիլի վրայի կատվին տարեք»: