Սկզբունք է դրվել, որ արդարադատության հաջորդ նախարարը պետք է լինի կուսակցական, եւ հիմա գիտեմ, որ գնում է թեկնածուների առաջադրման պրոցես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Շատ ուրախ կլինեմ, որ լավ թեկնածու ի հայտ գա կուսակցության մեջ, այնպիսի թեկնածու, որ այն բոլոր հարցերը, որոնք հնչել են այս մեկ ամսվա ընթացքում, դրանք ստանան  այն քաղաքական հեռանկարը, որը նախարարից պահանջվում է: Իրականացնել քաղաքականություն, որը միտված է առողջացնելու իրավիճակը արդարադատության համակարգում: Իսկ որ այդ ոլորտից դժգոհությունը շարունակում է մնալ բարձր, բոլորդ էլ շատ լավ գիտեք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ արդեն նախարարի թեկնածուների անուններ են հնչում՝ Վլադիմիր Վարդանյան, Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, հերիքնազ Տիգրանյան, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նոր անուններ էլ կլինեն: ձեր հնչեցրած անուններից մի քանիսը ես լսեցի, որ չեն ցանկանում: Բոլորն էլ շատ արժանի են, բայց որոշումը պետք է կայացնի վարչապետը: Թե ես ոնց կանեի, դա արդեն ուրիշ խնդիր է: Ես շրջանակն ավելի մեծ կվերցնեի: Մեր երկրում կան շատ արժեքավոր, թրծված տեսակետ ունեցող իրավագաններ: Նաեւ քաղհասարակության իրավաբանական համույթում կարող եք դրանց գտնել:

Շատ կարեւոր է, թե նախարարն ինչի՞ կրող է՝ պետականության, ազնվության, բարոյական ինչ կոդեքսի է դավանում: Հիմա եթե այդ հարցերի պատասխանը կուսակցությունը կարողանա գտնել եւ գտավ արժանի թեկնածու եւ քվեարկեց, շատ լավ: Այլ ոչ թե նեղ անձնական շահերով սկսվի հրմշտոց, թե սրան եմ ուզում, նրան եմ ուզում: Պետք է գտնվի այն մարդը, որ հետո պետք է ներկայացնի ծրագիր: Եթե մարդն ունեցավ վստահություն, իր ներկայացրած ծրագիրն էլ կլինի վստահելի: Եթե հարցականներով մարդը գնա ու դառնա նախարար, այս գործընթացը կդառնա աննպատակ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: