Ես միշտ եղել եմ թիմային եւ շատ լավ հասկանում եմ՝ ինչ բան է ժողովրդի քվեով ձեւավորված իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ վերջին զարգացումների արդյունքում իր դիրքերն ուժեղանում են եւ ինչ-որ պահի ինքը կարող է վտանգ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի համար եւ նույնիսկ հասնել նրա պաշտոնանկությանը:

«Մնացածը խարդավանքներ են, որոնք լավ տեղ չեն տանում: Մեր խմբակցությունում այդպիսի մի փորձ արվեց, մի 4 պատգամավոր կար, որոնք գայթակղվեցին նյութական ինչ-որ արժեքներով եւ մնան էդ խաղի մեջ:

Մեր թիմում այսօր այդպիսի բան չի կարող լինել: Փորձերը շատ էին: Եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, ընդդիմությունը ոչ թե կգնար անիմաստ փողոցներում պտտվելու ճանապարհով, այլ ընդամենը մի 20 պատգամավորի կառնեին, եթե կարողանային, եւ իշխանափոխություն կլիներ: Բայց քանի չեն կարողացել, ոչ միայն մեր խմբակցությունն է կայուն ու մաքուր դիրքերից հանդես գալիս,

Հիմա եթե խոսքը վերաբերում է նրան, թե ով ինչ կշիռ ունի, դա հանրային ընկալման մեջ է: Ցանկացած պատգամավոր իր աշխատանքի ընթացքում շփվում է հասարակության հետ, սա շատ լավ հարթակ է, որ պատգամավորն իր արածով ներկայանա հասարակությանը: Ես հպարտ եմ, որ մենք մեր հանձնաժողովում անում ենք աշխատանքներ, որը տեսանելի է:

Որեւէ խարդավանք դուք չեք տեսնի մեր թիմում, իսկ եթե նկատվի, պետք է գլխատվի, եթե ուզում ենք, որ երկիրը կայուն մնա: Մի փորձեք սեպ խրել այնտեղ, որտեղ դա չի աշխատելու: Չի կարող այդպիսի բան լինել: Եթե այդպես լիներ, ես այս թիմում չէի լինի»: