UWC Դիլիջանի տասնամյակի միջոցառումների ընթացում NEWS.am-ը զրուցել է հայտնի լրագրող, գրող և հրատարակիչ, Պուլիցերյան մրցանակակիր Դելե Օլոջեդեի հետ:
-Պարոն Օլոջեդե, Դուք ստացել եք լրագրության ոլորտի ամենաբարձր՝ Պուլիցերյան մրցանակը՝ Ռուանդայի ցեղասպանության հետևանքները լուսաբանելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է մարդկությունը շարունակում ձախողել ցեղասպանությունների կանխարգելումը։
- Մենք, փաստորեն, այնքան էլ առաջընթաց չենք ապրել, ինչպես մենք ենք ուզում կարծել, քանի որ այդ նույն մարդկությունն իրականացրել է Հայոց ցեղասպանությունն ու տասնամյակներ շարունակ հերքել է այն, հետո իրականացրել են հրեաների Հոլոքոստը, հետո Ռուանդայում են ցեղասպանություն արել։ Մենք շարունակաբար կրկնում ենք՝ «այլևս երբեք», բայց հետո նորից ենք անում։ Սա մարդկության հիմնարար արատն է, և քաղաքակրթությունը, քաղաքակրթական առաջընթացը միակ հույսն է, որի արդյունքում՝ մենք պետք է ինքներս մեզ զսպենք։
Հենց միայնակ ենք մնում, գազաններից ավելի վատն ենք դառնում։ Սակայն ստեղծելով օրենքներ և օրենքների համակարգեր, նաև սոցիալական կազմակերպությունների համակարգեր, որոնք երաշխավորում են մարդու հիմնարար ազատությունները և բաց հասարակությունները, մենք կարող ենք նվազեցնել գազանավարի վարվելու մեր միտումները։ Փաստացի, ինչպես Դոստոևսկին էր ասում՝ «գազանի հետ համեմատությունը չափազանց անարդար ու վիրավորական է գազանների համար, քանի որ գազանը երբեք չի կարող լինել այնքան դաժան, որքան մարդը՝ այդքան արտիստիկ դաժան»։
- UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձայնն ամենաբարձրերից մեկն էր, որ ահազանգում էր Արցախում էթնիկ զտումների վտանգի մասին և ջանում էր կանխել այն աղետը, որը տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի առաջ Արցախում։ Ի՞նչ եք զգում, երբ գիտեք, որ Ռուբեն Վարդանյանն այժմ ապօրինաբար պահվում է կալանքի տակ Բաքվում։
- Սա անարդարություն է, ծանրագույն անարդարություն, որը պետք է աշխարհին առավել շատ զայրացներ, քան այն դրսևորել է մինչև այս պահը։ Ռուբեն Վարդանյանն իմ ընկերն է, և ես հայտարարում եմ այդ մասին, նա արժանի անհատ է, որը մշտապես փորձել է նայել հասարակությանն ավելի ընդգրկուն տեսանկյունից, քան իր անձնական շահն է։ Դրա համար էլ, նա ընդգրկված է հանրային հարթակում, նկատի ունեմ մերօրյա քաղաքացիական խնդիրների մեջ, իր համայնքի մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Նա մարդ է, որին մենք պետք է երախտագիտություն հայտնենք, այլ ոչ թե փակենք ինչ-որ տեղ Բաքվում։ Սա անարդար կալանավորում է անձի նկատմամբ, և Ադրբեջանի կառավարությունը լավ կաներ, որ նրան անհապաղ կերպով ազատ արձակեր։ Ես շարունակելու եմ հանդես գալ ի պաշտպանություն այս հանգամանքի։ Սա արդար չէ, սա պետք չէ, և սա այն ճանապարհը չէ, որ մարդկային էակները պետք է հարաբերվեն միմյանց հետ։ Սա միմյանց նկատմամբ վատ վերաբերմունքի կուտակում է, և նման վատ կերպով միմյանց վերաբերվելու արդյունքում էլ մեծանում է ձնագունդն ու վերածվում սարսափելի խնդրի՝ ընդհուպ մինչև զանգվածային դաժանությունների և անգամ ցեղասպանության, որին Դուք ավելի վաղ անդրադարձել էիք։ Մենք բավականաչափ ժամանակ չենք տրամադրում մեկս մյուսի հանդեպ բարի լինելու, հանդուրժող լինելու և միմյանց նկատմամբ ավելի արդար լինելու համար։ Սա հենց այն անարդարության ծառի թունավոր պտուղն է, որը մենք աճեցրել ենք սերունդներ շարունակ։
- Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ քաղբանտարկյալներին ներկայացվել են անհիմն, կեղծ մեղադրանքներ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել նրանց ազատ արձակելու համար։
- Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության մի մասն է, և նրանք ևս արձագանքում են միջազգային հանրության ճնշումներին։ Եվ եթե մենք ունենանք պատասխանատու կառավարություն, որը հանդես է գալիս է Ռուբենի անունից, ապա մենք ավելի մեծ տեղաշարժ կնկատենք։ Ուստի, եթե ԱՄՆ կառավարությունը, Եվրամիությունը, Աֆրիկյան կառավարությունները պահանջեն, ապա այս ամենը կհանգեցնի նրան, որ Ռուբենին ազատ արձակելը կդառնա Ադրբեջանի լավագույն շահը։ Ինչպես, կարծեմ, ազատության համար պայքարի հարավաֆրիկացի ջատագովն էր շատ տարիներ առաջ ասել՝ «բաց թողեք իմ ժողովրդին», ճի՞շտ է, դե բաց թողե՛ք Ռուբենին, թողե՛ք թող տուն գնա, գնա իր ընտանիք, նա որևէ մեկին չի վնասում, նա փորձում է ներդրում ունենալ մարդկության բարգավաճման գործում, ինչպես նաև այն մարդկանց պաշտպանության գործում, որոնք հայտնվել են սպառնալիքի առջև։ Նա այնպիսի մարդ է, որին մենք պետք է շնորհակալ լինենք, ոչ թե բանտերում փակենք։
-Դիլիջանի միջազգային քոլեջն անցած տասը տարիների ընթացքում ունեցել է հարյուրավոր շրջանավարտներ, որոնք աշխարհի տարբեր անկյուններից են և, նրանք, աստիճանաբար, դարձել են «ապագա առաջնորդների» ցանց: Նրանք ճանաչում են Հայաստանը, գիտեն Հայաստանի պատմությունը և ներկայիս մարտահրավերները։ Ի՞նչ եք կարծում՝ նման ցանց ունենալը կարո՞ղ է օգնել Հայաստանին դիմակայելու ներկայիս մարտահրավերները։
- Գիտեք, սա, ասես, երկարաժամկետ ներդրում է ապագայի մեջ։ Ինչքան մեծանա այս ցանցը՝ բաղկացած արտասովոր, լավ կրթված երիտասարդներից, որոնք, բնականաբար, մի օր հայտնվելու են իրենց երկրների կառավարման բարձր օղակներում, որոնք ունեն իրենց կյանքի հիշողությունները՝ ձևավորված այստեղ Դիլիջանում, Հայաստանում, այնքան ավելի լավ կարող է լինել։ Շրջանավարտներին իրենց ամբողջ կյանքի ընթացքում մեկը մյուսի հետ կապի մեջ պահելու արդյունքում՝ նրանց դարձնում ես «Արդարության միջգալակտիկական բանակ», ինչպես սովորաբար ասում էր Կալիֆոռնիայի իմ հին մենթորներից մեկը։ Հետևաբար, սա Հայաստանի նման փոքր երկրի համար կարող է միմիայն առավելություն լինել՝ ունենալ իր ազատության և բարգավաճման համաշխարհային պաշտպանները։











