Սովորաբար ռազմական գործողության գնալ, կամային լուծումների գնալ բարդ խնդիր է. այդտեղ մի քանի բան պետք է համընկնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հավանականության եւ դրա նախադրյալների մասին:
«Պետք է համընկնի այն, որ միջազգային հանրությունը այդ հնարավորությունը տեսնի, որ քո դիմաց դեստրուկտիվ իշխանությունն է, որը չի գնում որեւէ լուծման, ինչպես եղավ 2020-ի նախաշեմին: Հայաստանը այդ ժամանակ հայտարարում էր, որ բանակցությունները նոր էջից է սկսում, Ալիեւն ասաց՝ էս մարդը 20 տարվա բանակցային փաթեթը մի կողմ է դրել, եւ նա ստացավ պատերազմ սկսելու լեգիտիմ իրավունք: Հիմա Ալիեւը համբերում է, ասում է՝ ես պետք է հասնեմ նրան, որ ռուսները, Թուրքիան, Իրանը և Արեւմուտքը հասկանան, որ էս իշխանությունը դեստրուկտիվ է, չի գնում որեւէ լուծման:
Երկրորդը, միջազգային կոնյուկտուրան պետք է թույլ տա, լինի այն հարմար պահը, որ դու կարողանաս քո հարցը լուծել: Դա կլինի Մերձավոր Արեւելքում էսլակացիան՝ Իրանի ներգրավմամբ, կլինեն ամերիկյան ընտրությունները՝ ամերիկյան լարվածությամբ, դա կլինի ռուսական լարվածությունն ուկրաինական ճակատում: Ինքը ինչ-որ ճիշտ պահի փորձելու է այդ հարցը լուծել»,-ասաց նա:
Վահե Հովհաննիսյանի խոսքով մենք խոսում ենք «Զանգեզուրի միջանցքի» մասին, իրականում խոսքը Հարավային Կովկասում նոր ճարտարապետության մասին է. «Էս մարդիկ ասում են՝ պետք է ճանապարհները բացվեն: Ստացվել է մի վիճակ, որ Արեւմուտքը ճանապարհի մի տարբերակ է առաջարկում, ռուսական կողմը՝ մեկ այլ տարբերակ, բայց ամբողջ այս պատմության մեջ հայկական կողմը չի առաջարկում այն տարբերակը, որը ձեռնտու լինի իրեն, եւ որը չլինի կոնֆլիկտի առարկա ռուսների ու Արեւմուտքի միջեւ: Մենք բոլորին եւ ամեն ինչին ասում ենք՝ ոչ: Դա բերելու է նրան, որ այդ հարցերը լուծելու են առանց մեզ, մեր տարածքում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Իրանին, որը հայտարարում է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Նախ Իրանը ներքաշվում է շատ լուրջ հակամարտության մեջ եւ խիստ հարց է, թե նա ունենալո՞ւ է այդքան ռեսուրս ու ժամանակ քեզ մինչեւ վերջ պաշտպանելու համար: Այն դեպքում, երբ դու քեզ չես պաշտպանում: Երկրորդը, Իրանի հետ ավելի մեծ շահերով կարող են բանակցել քո հակառակորդները եւ այլ տեղ այլ բան զիջելով կարող են ստանալ իրենց ուզածը: Վերջապես, Իրանի հետ հարաբերությունները, եթե միայն հայտարարությունների մակարդակով են, երկաթե երաշխիքներ չեն: Մենք Իրանի հետ շատ լուրջ չենք աշխատում: Խոսքը եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին է, եւ խոշոր տնտեսական ծրագրերի, որոնք վաղուց պետք է արված լինեին: Եթե մենք երեք տարի առաջ Սյունիքում Իրանի հետ խոշոր տնտեսական ծրագրեր անեինք, այս թեման չէր լինի՝ ճանապարհներ, կամուրջներ, երկաթուղի, նավթավերամշակման գործարան»:











