Իշխանության մեջ ունեմ ընկերներ, որոնց հետ կապերը պահպանում եմ, որովհետեւ այդ ընկերությունը պայմանավորված չէ պաշտոններով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հարցին՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական նպատակ ունե՞ր, թե՞ իրավական  հիմքեր կային, Քերոբյանը պատասխանեց. «Իրավականի մասին խոսելը ծիծաղելի է ուղղակի, որովհետեւ սա այն դեպքն է, որ թե ես, թե իմ գործընկերները ամեն ինչ արել ենք, որ մնանք օրենքի շրջանակներում եւ ապահովենք պետության, երկրի համար լավագույն արդյունքը: Իրավական հիմքերի բացակայությունը բերում է այն եզրահանգմանը, որ դա քաղաքական դրդապատճառներ ունեցող գործընթաց է»:

Խոսելով արդարադատության նախարարի պաշտոնից հեռացված Գրիգոր Մինասյանի մասին, Վահան Քերոբյանն ասաց. «Ես արդարադատության մասնագետ չեմ, բայց քանի որ հիմա առավել անմիջական առնչություն ունեմ արդարադատության ոլորտին, պետք է ասեմ, որ շատ ցավալի է, որ մենք մինչեւ հիմա չունենք արդարադատության  համակարգ, որին կարելի է վստահել:

Հիմա, երբ ես հետ եմ նայում, միգուցե պետք է նաեւ ուրախ լինեմ, որ իմ կյանքը փոխվել է այնպես, ինչպես փոխվել է, որովհետեւ հաստատ շատ  ցածր արդյունավետություն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Ցանկացած նախագիծ, որը բխում էր կառավարության ծրագրերից, հանդիպում էր այնպիսի ընդդիմության կամ դիմադրության, որ մեծ ջանքեր էր պահանջում, որպեսզի կարողանայինք  այս կամ այն նախագիծը, որը խոստացել ենք ժողովրդին, իրագործել»:

Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։