Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից իրականացվող գործունեությանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
 
Վարչապետին ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա են եղել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները:   
 
Վարչապետը եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:  
 
Վարչապետը սահմանապահ ծառայողներին մաղթել է հաջողություններ գործունեության մեջ և անվտանգ ծառայություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն են հանձնել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը հուլիսի 31-ին։

Ռուս սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն: