Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ, համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ եւ միասնական տոմսային համակագի անցման պահից մենք ստվերի՝ որպես երեւույթի վերացումը կապահովենք, որովհետեւ փաստացի կանխիկ գործարքները առհասարակ դուրս են գալու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Միասնական տոմսային համակարգը ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի համար է կարեւոր հավաքագրման ստվերը վերացնելու եւ մնացյալ տեսանկյուններից, այլեւ առհասարակ հարմարավետության տեսանկյունից, որովհետեւ միասնական տոմսային համակարգը հնարավորություն է տալիս տարատեսակ տրանսպորտային միջոցներից օգտվել նույն բանկային քարտով, նույն հեռախոսով եւ դրա համար հավելյալ չվճարել, սա ամենակարեւոր սկզբունքն է, որ ներդրված է միասնական տոմսային համակարգում»,-ասաց նա:

Ավինյանը հայտնեց, որ տրանսպորտի վերջնական գինը ֆիքսված է ավագանու որոշմամբ եւ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա. «Բայց մարդիկ կտեսնեն, որ տրանսպորտի գնի փոփոխությունն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի»։