Իմ լոբբինգով ոչ ոք չի զբաղվել, իմ լոբբինգը ես եմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 15-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն առաջադրվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին։

Նա հերքել է լուրերն այն մասին, որ իր լոբբինգով զբաղվում է կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը։ «Ես որոշակի ճանապարհ եմ անցել, եւ ինչ-որ բան ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Եթե ես վստահ չլինեի, որ կարող եմ աշխատել այս պաշտոնում, ապա կհրաժարվեի առաջարկից»,- նշել է Խաչատրյանը։

Նա ավելացրել է, որ ամեն բան կպարզվի քվեարկության ժամանակ, երբ կուսակցության վարչության անդամները քվեարկեն հօգուտ թեկնածուների։ «Ես ներկա պահին ընդամենը թեկնածու եմ։ Կան էլի երեք թեկնածուներ։ Այդ հարցը կլուծի կուսակցության վարչությունը»,- ընդգծել է պատգամավորը։

Նշենք, որ որպես արդարադատության նախարարի թեկնածուներ նշվում են նաեւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի անունները։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական է տվել։