Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը։
Դատարանում փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Արամ Վարդևանյանը հայտարարեցին, որ պաշտպանելու են Ռոբերտ Քոչարյանի շահերը։
Դատարանն այժմ անցել է բացարկի, ինքնաբացարկի քննարկմանը։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ չունի ինքնաբացարկի միջնորդություն նախագահող դատավորին։ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ունեն դատավորին ինքնաբացարկի միջնորդություն, սակայն չեն կարող հայտնել, քանի որ եթե միջնորդությունը ներկայացվի ու բավարարվի, իրենց մյուս միջնորդությունը, որը վերաբերում է Արմեն Գևորգյանի՝ երկրից բացակայելուն, կմնա առանց քննության։
«Դուք կատարում եք գործողություններ, որով արգելում եք, ստեղծում եք իրավիճակ, որի պայմաններում ստիպված ենք այդ միջնորդությունը չներկայացնել՝ ունենալով նման միջնորդություն»,- հայտարարեց Սահակյանը։
Սեյրանը Օհանյանը հայտարարեց՝ պետք է նախևառաջ հասկանալ, թե գործն ինչի մասին է, որպեսզի որոշեն՝ բացարկի միջնորդություն հայտնելո՞ւ են, թե՞ ոչ․ «Մենք չունենք մեղադրյալի կարգավիճակ։ Ձեր պահվածքն այլ բան չի թողնում, քան բացարկ ներկայացնելը»։
Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ունեն դատարանին միջնորդություն, սակայն այժմ գրավոր տարբերակով չունեն ձեռքի տակ։ Փաստաբանը առաջարկեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել, որպեսզի գրավոր ընթացակարգով կարողանան բացարկ հայտնել դատարանին։
«Դատարանը թույլատրում է նաև բանավոր, կարող եք ներկայացնել»,- ասաց դատավորը։
Դատարանն այնուամենայնիվ հայտարարեց, թե փաստաբանը չունի բացարկի միջնորդություն իրեն։
Երկրորդ նախագահը հայտարարեց, որ դատավորին բացարկ հայտնելու շատ հիմքեր կան։
Փաստաբանները մասնավորապես հիմնավորեցին իրենց դիրքորոշումը։
Արամ Վարդևանյանն ասաց, որ մի քանի հարց ունեն դատավորին, ինչից հետո կորոշեն՝ հայտնե՞լ բացարկ նրան, թե՞ ոչ․
«Օրինակ՝ դուք ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետության վերաբերյալ, այն առհասարակ ձեզ համար գոյություն ունի՞, հաշվի առնելով, որ դուք բերման ենթարկելու որոշում եք կայացրել Արցախի ազատագրման ակունքներում կանգնած մարդկանց»։
Դատարանը պատասխանեց․ «Եթե հայրենասիրությունից եք խոսում, ավելի հայրենասեր մարդ, քան ես, չեմ պատկերացնում, սակայն դա այդ վարույթի հետ կապ չունի։ Պատմությունը լավ ուսումնասիրել են, պատմական Հայաստանի սահմանները լավագույնս տիրապետում եմ»։
Անդրադառնալով Սարգիս Պետրոսյանի՝ «Իմ քայլը» դաշինքի անդամ լինելու փաստին՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «2018 թվականի սեկտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հնչել են մի շարք հայտարարություններ ՔՊ կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչների, այդ թվում՝ իրենց ղեկավար մարմնի ներկայացուցչի կողմից, որ ՔՊ կուսակցության կամ նույն նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար լուրջ ֆիլտներ են առկա։ Չափազանց կարևոր կլիներ, որ դատավարության մասնակիցների համար բացահայտվեր, թե ինչպե՞ս է եղել, որ դուք դարձել եք «Իմ քայլը» դաշինքի անդամ։ Բազմաթիվ անձինք, որոնք 2018-ին առնչություն են ունեցել թե՛ այդ նախընտրական դաշինքի հետ, թե՛ ՔՊ կուսակցության հետ, հայտարարություններ են ներկայացրել նույն նախագահ Քոչարյանի վերաբերյալ, գեներալ Խաչատուրովի վերաբերյալ, գեներալ Օհանյանի վերաբերյալ»։
Դատարանը հաստատեց, որ այո, եղել է «Իմ քայլը» դաշինքի անդամ, բայց ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքներում, չմեկնաբանեց։
«Ինչո՞ւ չեք բացահայտում՝ ինչպե՞ս եք դարձել ՔՊ անդամ»,- հարցը պնդեց Վարդևանյանը։
Դատավոր Պետրոսյանը պարզաբանեց, սակայն անուն հնչեցրեց․ «Քաղաքական ուժի կողմից ստացել եմ առաջարկ՝ որպես իրավաբանի, որ օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնեմ, հետագայում զբաղեցնեմ այդ պաշտոնը։ Հետո կարճ ժամանակ անց ես դիմում եմ ներկայացրել և իմ անդամակցությունը դադարեցվել է»։
Փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ այս փուլում իրենք իրավունք չունեն բացարկ հայտնելու դատավորին․ «Ինչ մեղադրանքի վերաբերյալ է այս գործը, որ հասկանանք՝ ներկայացնենք միջնորդություն, թե ոչ։ Այն որ դուք բացարկման ենթակա եք, բոլորը գիտեն, սակայն այս փուլում չեմ կարող ներկայացնել, կներկայացնեմ սահմանված փուլում, դատարանն ինձ շատ բան կարող է թույլ տալ, բայց ինձ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանափակում է»։
Արամ Օրբելյանն էլ անդրադառնալով դատավորի այն հայտարարությանը, թե հանրությունը հոգնել է ձգձգվող դատական նիստերից, հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի դա ասելով, ինչը դատարանը չմեկնաբանեց։
«Հա երևի sms եք ստացել»,- արձագանքեց Օրբելյանը, ինչը դատավորին հունից հանեց։
Դատարանը փաստաբանին նկատողություն հայտարարեց՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար․ «Ի՞նչ է նշանակում sms եք ստացել»։
«Գործերի ձգձգման մտահոգությանը հաջորդել է գործընթաց, որի արդյունքում ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք, որոնք պետք է անկախ լինեին, sms-ի արդյունքում հրաժարական են տվել։ Իրավունք ունեմ նմնա կասկած ունենալու ձեր ասած ձևակերպման հիմքով։
Եթե ես ձեր թույլտվություններին հետևեմ և համապատասխան փուլում համապատասխան միջնորդությունը ներկայացնելու հնարավորությունը չիրացնեմ, դա չի նշանակում, որ դատարանի անաչառության հարցն ապագա փուլերում չեմ կարող քննարկման առարկա դարձնել։ Թույլ տվեք ես որոշեմ՝ որ փուլում ներկայացնել»,- պարզապանեց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։











