Շատ կարեւոր է, որ մեկ տարի առաջ սկսված նախաձեռնությունը՝ ուղղված երկու երկրների քաղաքացիական հասարակությունների, գործարար եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների համագործակցության ընդլայնմանը, իր զարգացումն է ստացել։ Համոզված եմ, որ հանրային դիվանագիտության եւ ռուս-հայկական հարաբերությունների դերը ամրապնդվում է՝ մնալով մեր երկրների միջեւ երկխոսության կարեւորագույն միջոցներից մեկը։ Այս մասին նոյեմբերի 29-ին ասել է ՌԴ Հանրային պալատի, Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի Համառուսական հանրային-պետական կազմակերպության խորհրդի անդամ Վլադիմիր Զորինը «Ռուսաստան-Հայաստան» II Հանրային համաժողովում։

«Այսօր այստեղ մենք խոսում ենք նոր ծրագրերի եւ նախագծերի մասին՝ ուղղված ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը։ Կցանկանայի մեկ անգամ եւս հիշեցնել, որ համաժողովի նախօրեին, ՌԴ Հանրային պալատի հարթակում տեղի ունեցավ երկու երկրների երիտասարդների հանդիպումը, որին մասնակցեցին ՌԴ եւ ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, ասպիրանտներ։ Քննարկման թեման Ռուսաստանի եւ Հայաստանի պատմական կապերն էին, նրանց համագործակցության ապագան»,- նշել է նա։

Վլադիմիր Զորինի խոսքով՝ միջոցառման մասնակիցները փորձագետների հետ միասին ներկայացրել են ընթացիկ իրավիճակը եւ քաղաքական, տնտեսական եւ մեր երկրների միջեւ հումանիտար համագործակցության հեռանկարները, ինպես նաեւ քննարկել են հարցեր՝ կապված Ռուսական կայսրության կողմից պարսկական լծից Հայաստանի ազատագրման 200-ամյակի տոնակատարությանը։

«Հենց այսօր արդեն ներկայացվում են ամենահետաքրքիր նախագծերը, եւ այստեղ արդեն կոնկրետ խոսակցություն է ընթանում դրանց մասին։  Եվ իհարկե, խոսքը մեր գործունեության բոլոր ոլորտների մասին է՝ երիտասարդական, գիտական, գործնական։ Եվ ես կարծում եմ, որ դա զարգացման հետագա խթան կստանա։ Մենք կարող ենք կոտրել բացասական, հաճախարհեստականորեն մեր հակառակորդների կողմից նախաձեռնված, մեր ժողովուրդների դաշնակցային հարաբերությունների քայքայմանն ուղղված թրենդները։ Երկկողմ հարաբերությունների ամրապնդման խնդիրը մեր երկրների քաղաքացիական հասարակության խնդիրն է»,- ասել է Զորինը։

«Հենց մենք պետք է ստեղծենք կայուն կապեր երիտասարդական, կրթական, գիտական փոխանակության միջոցով, համատեղ նախագծեր մշակույթի, սպորտի, բիզնեսի ոլորտում, պահպանել պատմական, հոգեւոր ժառանգությունը... Այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել վերջին տարիներին հանրային վստահության փոքր-ինչ նվազած մակարդակը միմյանց նկատմամբ։ Համոզված եմ, որ հենց վստահությունը կստեղծի անհրաժեշտ բազա մեր հարաբերությունների բարելավման համար պաշտոնական մակարդակով»,- ավելացրել է Վլադիմիր Զորինը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ Հանրային պալատը հիմնական հարթակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նրա կառույցների համար, երկխոսության հիմնական հարթակ իշխանության եւ փորձագիտական հանրույթի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ։

«Ուստի մենք, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կարող էինք ավելի ակտիվորեն համատեղ աշխատել Հայաստանի ոչ առեւտրային հատվածի հետ։ Դա ե՛ւ փոխգործակցությունն է Տնտեսական, սոցիալական եւ նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի շրջանակում, ե՛ւ ընտրությունների միջազգային-հանրային դիտարկումը, ե՛ւ հանրաքվեներն արտասահմանում, մշակութային փոխանակումները, համագործակցության ընդլայնումը հումանիտար, սոցիալական ոլորտում եւ արդյունաբերությունում», -ասել է Զորինը։

 Նրա խոսքով՝ Ռուսաստանն ինքնատիպ երկիր է այն իմաստով, որ այնտեղ ապրում է 194 ժողովուրդ, եւ այդ ցանկի մեջ են մտնում նաեւ Ռուսաստանի Դաշնության հայերը, «որոնք շատ են եւ ակտիվ են ապրում»։

«Մենք հանրային շատ կազմակերպություններ ունենք, որոնք փոխգործակցում են բոլոր հարցերում եւ նախագծերում, որոնք լուծվում են մեզ մոտ այս ոլորտում։ Ընդհանրապես, գոյություն ունեն ավելի քան 31 հազար կրոնական կազմակերպություններ։ Եվ ահա մեր մշակութային բազմազանության կառավարման մոդելն այնպիսին է, որ մենք կարող ենք հպարտանալ համաշխարհային մակարդակով։ Եվ այն ինքնատիպ է մեր երկրում»,- ընդգծել է Վլադիմիր Զորինը։

Նրա խոսքով՝ ՌԴ ազգային քաղաքականությունն ուղղված է այն բանին, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքացի, «անկախ ծագումից, դավանանքից, ազգությունից, մեր երկրի ցանկացած կետում իրեն զգա ինչպես տանը»։

«Եվ ես կարծում եմ, որ դուք բոլորդ ինձ հետ համաձայն եք, որ մենք ի վիճակի ենք լուծել այդ խնդիրը։ Եվ ոչ մի թշնամի չի գժտեցնի մեր ժողովուրդներին եւ մեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Եվ նրանց հույսն այն է, որ կարելի է գժտեցնել ժողովուրդներին, երիտասարդությանը, որ կարելի է առհասարակ գժտեցնել մեզ բոլորիս մեր երկրում, եւ դա երբեք հաջողությամբ չի պսակվի, որովհետեւ մենք թաքուն զենք ունենք՝ մեր բարեկամությունը, փոխըմբռնումը»,- ընդգծել է նա։

Որպես օրինակ նա բերել է «Ժողովրդական դիվանագիտության առաջնորդ» ամենամյա համաժողովը, որի առաջին դափնեկիրը դարձել է Կոտայքի մարզի հանրակրթական տեխնիկական դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ Վահան Սահակյանը։