Իշխանության, այսպես կոչված, խաղաղության տեսլականը պատերազմի ու պարտության տեսլական է, հետեւաբար, իշխանության վարկանիշի անկման կարևորագույն խնդիրը ևս մեկ խոստումը չկատարելն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
«Այսօր հասարակությունում կա համոզմունք, որ գործող իշխանությունը չունի անվտանգության իրական տեսլական, որը կբերի խաղաղության։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր է, մարդիկ որևէ հույս չունեն, որ Հայաստանը Ադրբեջանի հետ առանց երրորդ ուժի կկարողանա ստանալ երկարաժամկետ խաղաղություն:
Հասարակությունը այսօր ուզում է, որ լինի անվտանգություն երաշխավորող, եւ երկրորդը, հասարակությունը պահանջում է, որ լինի խաղաղություն»:
Հարցին՝ այդ երաշխավորին ավելի շատ որտե՞ղ են տեսնում, Ռուսաստանո՞ւմ, ԵՄ-ո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, եւ արդյոք ԱՄՆ-ի հետ նախօրեին ստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է տրամադրություններ փոխել, սոցիոլոգը պատասխանեց. «Համոզված եմ, որ ոչ: Առավել վստահելի մնում է Ռուսաստանը անվտանգության հարցերում: Մեծամասնությունը ընդհանրապես որևէ մեկի օգտին չի կարող կողմնորոշվել, բայց կողմնորոշվածներից ամենամեծ հատվածը Ռուսաստանի կողմն է: Այսինքն Ռուսաստանի վարկանիշի բարձրացումը վերջին 1-1,5 տարվա ընթացքում գալիս է նրանից, որ ոչ ԱՄՆ-ն, որի մասին տարբեր ձևերով խոսում էին արևմտամետ գործող իշխանությունները, ոչ եվրոպացիները չկարողացան տալ անվտանգության երաշխիքներ:
Վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվել է դեպի դրականը: Հասարակության մեծ մասը կարող է խոսակցության մեջ շարունակի դժգոհ լինել, բայց երբ գալիս է ընտրության պահը, մարդիկ պարզ հասկանում են, որ այստեղից մենք ոչ մի բան չստացանք, գոնե պահենք այն, ինչ կա: Առավելևս, որ եթե գազը կտրվեց, էլեկտրոէներգիան վերացավ, մենք նաև սոցիալական կատաստրոֆայի առաջ ենք կանգնելու։ Հասարակության 76%-ը կտրականապես չի համոզվում, որ պետք է Ռուսաստանի հետ կապերը խզել։ Դրանից կեսը համոզվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է վերականգնել: Իսկ մի փոքր հատվածը համարում է, որ մեզ Ռուսաստանից բացի ուրիշ բան պետք չէ:
Իսկ իշխանությունը տանում է ծայրահեղ հակառուսական գիծ ու պարտվում է։ Ծայրահեղ ռուսամետ գիծը նույնպես դոմինանտ չի, բայց դոմինանտ գիծը նա է, որ առաջնահերթ մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնենք, քանի որ դա կախված է թե տնտեսության ու նաև անվտանգության հարցերի հետ»,- ընդգծեց Արթուր Պարոնյանը:
Նա կոչ արեց գնալ Գյումրի ու մարդկանց հարցնել՝ կուզենա՞ն, որ ռուսական ռազմաբազան հեռանա. «Գնանք Իջևան, Գորիս, մարդկանց համար օրակարգում կարևորագույն խնդիրը ո՞րն է լինելու: Եթե ոչ առաջինը, ապա երկրորդը, դա անվտանգության խնդիրն է։ Քանի դեռ ռուսական բազան Գյումրիում կա, իրենք իրենց բացառիկ հանգիստ են զգում»,- ասաց նա:











