Գիտնականներն ուսումնասիրել են հնագույն թղթագլանը, որն այրվել է գրեթե 2000 տարի առաջ Պոմպեյը ոչնչացրած հրաբխի ժայթքման ժամանակ, հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։
Հինավուրց գլանաձև ձեռագիրն այն հարյուրավոր գտածոներից մեկն է, որը հայտնաբերվել է Իտալիայի արևմտյան ափին՝ մ.թ. 79 թվականին Վեզուվիի ժայթքումից հետո աշխարհի երեսից ջնջված Հերկուլանում քաղաքի հռոմեական առանձնատան գրադարանում:
Ենթադրաբար՝ Հուլիոս Կեսարի աներոջը պատկանող շքեղ վիլլայի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հինավուրց գլանաձև ձեռագրերի հսկայական հավաքածու, սակայն թղթագլանն այն աստիճան է ածխացել, որ սև թանաքն անընթեռնելի է դարձել:
PHerc: 172 անունով հայտնի պապիրուսը մեկն է Հերկուլանումի երեք հինավուրց ձեռագրերից, որոնք պահվում են Օքսֆորդի համալսարանի հիմնական հետազոտական Բոդլեյան գրադարանում:
Անցյալ տարի ամերիկացի տեխնոլոգ և «Վեզուվի» մրցույթի հիմնադիր հովանավոր Նաթ Ֆրիդմանը հայտարարեց, որ երեք ուսանողներից բաղկացած թիմը՝ Յուսեֆ Նադերը Գերմանիայից, Լյուկ Ֆարրիտորը ԱՄՆ-ից և Ջուլիան Շիլիգերը Շվեյցարիայից, արժանացել են մրցույթի գլխավոր մրցանակին՝ 700 հազար դոլարին՝ կարդալով Հերկուլանումի գրադարանի ավելի քան երկու հազար հունարեն նամակները։
Հաղթողները մշակել են համակարգչային ծրագրային ապահովում՝ պապիրուսը վիրտուալ բացելու համար: Այնուհետև ուսանողներն արհեստական բանականության օգնությամբ պարզել են, թե որտեղ է թանաքը առկա պապիրուսի մանրաթելերի վրա և ի վերջո կարողացել են կարդալ հինավուրց տեքստի հատվածները:
Ձեռագիրը, որը ենթադրաբար պատկանում է էպիկուրյան փիլիսոփա Ֆիլոդեմոսի գրչին, քննարկում է հաճույքի աղբյուրները՝ երաժշտությունից մինչև ուտելիք, և ուսումնասիրում է արդյոք հաճույքը կախված է առատությունից կամ սակավությունի՞ց, թե՞ ճաշատեսակի երկրորդական կամ հիմնական բաղադրիչներից։
Գլանաձև ձեռագիրը, որն այժմ գտնվում է Օքսֆորդում, 19-րդ դարում ընծայել է Նեապոլի և Սիցիլիայի թագավոր Ֆերդինանդ Չորրորդը։





























