Մենք միշտ բարձր ենք գնահատում էսկալացիայի հավանականությունը եւ հանգստանալու իրավունք չունենք։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը, միլիարդավոր դոլարների զենք գնելով հանդերձ, Հայաստանին մեղադրում է մի քանի զրահամեքենա գնելու մեջ։ Միեւնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակը հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ որեւէ մեկին մոլորեցնել, եւ դա ակնհայտ է բոլոր միջազգային գործընկերների համար։
«Երեւանը Բաքվին առաջարկում է կոնկրետ մեխանիզմներ եւ պատրաստ է քննարկել դրանք։ Հայաստանի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները Հայաստանի հետ կապ չունեն եւ չեն կարող ունենալ։ Չեմ կարծում, որ բանակցությունները փակուղի են մտել, մենք շարունակում ենք աշխատել սահմանազատման եւ սահմանագծման հարցերի ուղղությամբ»,- նշել է Սիմոնյանը։
Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանը երեք ամիս չի արձագանքում Երեւանի առաջարկներին։ «Բաքվի պահվածքը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Այս մասին մենք խոսում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Լավ կլիներ, որ Ադրբեջանը շարունակեր իր մասնակցությունը խաղաղ գործընթացին»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը։
Նա նշել է, որ չի ցանկանում բարձրաձայնել այն առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել է Ադրբեջանին, քանի որ դրա իրավունքը չունի։ Միաժամանակ, Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Բաքվի ներկա պահվածքը կարող է կապված լինել Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների սրման հետ։





























