Այսօր կառավարության նիստում մի խայտառակություն եղավ. հայտարարում են, որ Մարգարայի անցակետը Հայաստանը բացում է, որպեսզի այս ճանապարհով Սիրիա բեռներ ուղարկի. Մինչդեռ 30 տարի 1993 թվականից ամբողջ աշխարհում Հայաստան ասել է որ ես ճանապարհ, սահման չեմ փակել, փակել է Թուրքիան: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայտարարում է, որ Հայաստանը բացում է Մարգարան, Մարգարան միշտ էլ Հայաստանը բացած է եղել, Թուրքիան է, որ փակել է: Այս տարիներին հայկական դիվանագիտությունը դա օգտագործում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, ոչ թե վիզը ծռած, ինչպես հիմա է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հիմա փաստորեն Թուրքիան համաձայնել է բացե՞լ սահմանը, Մանուկյանը հեգնանքնով արձագանքեց. «Չգիտեմ, դեռ տեղեկություն չունեմ, մի հատ կարելի է հեռուխոսը նայել, կարո՞ղ է Փաշինյանը նորից էլի մի հատ անպատասխան սիրային ստատուս է գրել, թե ոչ»:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Մարգարայի անցակետը սարքելով հասարակության մեջ ապատեղեկատվությունն են տարածում, մոլորեցնում են. «Երկու տաքսու վարորդից լսել էի, որ  ճի՞շտ է, որ մարտի մեկից սահմանը բացվում է: Մարգարայի դիմաց Ալիջանի անցակետում թուրքերը շինարարական աշխատանք չեն իրականացրել:

Երկու տարի առաջ պայմանավորվել էին երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացել, արդեն երկու տարի անցել է, ի՞նչ կա դրանից»,- ասաց Գեղամ Մանուկյանը: