NEWS.am-ը ներկայացնում է առավել կարեւոր 10 քրեական իրադարձությունները, որոնք ցնցեցին հայ հասարակությունը 2011 թվականին:

1. 60-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել, ապա խեղդել ու այրել

78-ամյա Պատվական Հովակիմյանն իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում հունվարի 26-ին  վրաերթի է ենթարկել Մարո Ասլանյանին: Նա վրաերթի ենթարկված կնոջը դրել է իր ավտոմեքենան եւ փորձել համոզել, որ նա չբողոքի: Ավտոմեքենայում կինը փորձել է իր բջջային հեռախոսով զանգահարել ոստիկանություն եւ «1-03» ծառայություն, սակայն Պատվականը բռնում է նրա վզից եւ խեղդում: Երբ համոզվել է, որ կինը մահացել է, 78-ամյա տղամարդը նրան տեղափոխել է Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից տարածք եւ այրել: Այդ ամենից հետո, նա վերադարձել է տուն եւ այդ մասին պատմել որդուն՝ 43-ամյա Սերյոժա Հովակիմյանին:

2. Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալութուններ

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու եւ կադրերի ռեզերվ տեղափոխելու մասին: Արդեն մարտի 24-ին Թամամյանը կալանավորված էր: Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական չարաշահումների մեղադրանքով օգոստոսի 30-ին ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: Օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի պետ Ստեփան Կարախանյանը, ով մեղադրվում էր 57 մլն դրամ արժողությամբ բենզինի յուրացման մեջ:

Կարախանյանին նախօրեին գրավով ազատ էին արձակել, իսկ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Մարգար Օհանյանը: Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով անցնում է 4 մարդ` ինքը Մարգար Օհանյանը, Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:

3. Տարեց կանանց բռնաբարություններ

Լոռիի մարզում  սեպտեմբերի 4-ին, 22-ամյա Արմեն Մ.-ն, ներխուժելով տուն ծեծել եւ բռնաբարել է 80-ամյա Ռ. Մ-ին: Տավուշի մարզում հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 26-ամյա Արեն Սարուխանյանը ներխուժել է 83-ամյա կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ: Վերջինս մեկ անգամ արդեն ազատազրկման դատապարտվել է 2009 թվականին, հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով Սարուխանյանն ազատազրկման է դատապարտվել 3 տարի 15 օր ժամկետով, սակայն համաներմամբ ազատ է արձակվել:

4. Անժելա Սարգսյանն ու նրա «տղամարդը»

Շարունակվում է սկանդալային պատմությունը ինտերնետում դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարների ի հայտ գալու հետ կապված: Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել է, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը:

5. Մայրը տանը սավանով կախել է իր երկու փոքրիկներին

Արարատ քաղաքում սեպտեմբերի 6-ին 34-ամյա Ռոզա Ալոյանը խեղդամահ է արել իր երկու որդիներին` 6-ամյա Վարդանին եւ 4-ամյա Հայկին: Մայրը սպանել է փոքրիկներին, պառկացրել անկողնու վրա եւ հեռացել տնից: Ոստիկանները գտել են մորը, եւ նա խոստովանել է, որ սպանել է Վարդանին եւ Հայկին: Նա հրաժարվել է հայտնել իր արարքի պատճառը:

Մանկատան սան Ռոզա Ալոյանին ժամանակին տրամադրել են բնակարան Արարատ քաղաքի Շահումյան փողոցում: Նա ամուսնացել է Երեւանի բնակիչ Գարիկ Խաչատրյանի հետ, 10 տարի ապրել են փաստացի ամուսնական կյանքով եւ ունեցել են 2 տղա` 2005թ. ծնված Վարդան Ալոյանը եւ 2007թ. ծնված Հայկ Ալոյանը, իսկ վերջին տարիներին ամուսինները ամուսնալուծված էին:

Սեպտեմբերի 6-ի երեկոյան ոստիկանությունը հարեւաններից ահազանգ է ստացել, որ հնարավոր է` մայրը սպանել է իր երեխաներին: Ռոզա Ալոյանը խոհանոցում, ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է երեխայի վզից եւ կախել: Երեխան 10 րոպե անց անշնչացել է: 2 ժամ թողել է կախված, ապա հաջորդ երեխային է կախել նույն ձեւով, այնուհետեւ իջեցրել եւ դրել է մահճակալին:

Ռոզա Ալոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն):

6. Վնասազերծվել է վտանգավոր բանդա

Երեւանում սեպտեմբերի 23-ին վնասազերծվել է վտանգավոր բանդա: Առավոտյան ժամը 06:00-ին Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի, 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմել է փախուստի: Մեքենան բախվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը:

Վարորդը եւ ուղեւորը թողնելով ավտոմեքենան` դիմել են փախուստի եւ կրակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվել, վնասազերծվել եւ բերման է ենթարկվել Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկը բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր է ընկել եւ մահացել: Զենքը, որից կրակոց էր արձակվել, չէր հայտնաբերվել. Սանրվել էր բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները: Դեպքի վայրի զննությամբ, սարալանջի թփուտներից հայտնաբերվել էր թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ: Վթարված ավտոմեքենայի զննությամբ, վարորդի նստատեղի տակից հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով:

Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած եւ մահացած, նախկինում չորս անգամ դատված  Գուրգեն Հայրապետյանի տաբատի  գրպանից ոստիկանները հայտնաբերել էին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:

Շարունակելով օպերատիվ գործողությունները` բերման են ենթարկել նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին, եւ նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Քարաօղլյանին:

ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ, ավազակային հարձակումներ կատարելու նպատակով, Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ /բանդա/` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին:

Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:

7.  Որդին խեղդել էր մորը նավթով

Նոյեմբերի 5-ին, Երեւանի Փափազյան 25 շենքի բնակարաններից մեկում գտել էին տվյալ շենքի բնակչուհի, ՌԴ քաղաքացի  69-ամյա Ռաիսա Իվանի Պոստոգովայի դին: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով եւ ունի կողային մատերի կոտրվածքներ: Պոստոգովային սպանել էր նրա 53-ամյա որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է   քրեական գործ: Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել  եւ ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:

Հարեւանների խոսքով` Էդիկը հոգեկան շեղումներ ուներ, մայրը երեք անգամ նրան ուղարկել էր հոգեբուժարան` բուժվելու: Նույնիսկ հարեւաններն էին բողոքում, «Շտապօգնություն» կանչում, նրան տանում հոգեբուժարան, սակայն այնտեղ, հարեւանների խոսքով, նրան չէին պահում, շուտ բաց էին թողնում: Որդին պարբերաբար ծեծում էր մորը, ահաբեկչում: «Խելացի գիժ էր, տան դուռը փակում էր, որ մայրը դուրս չգար, հեռախոսն էլ անջատում էր, որ ոչ մեկին չկարողանա զանգել»,- պատմել են հարեւանները` հավելելով, որ Էդիկը նույնիսկ մի անգամ զանգել էր ոստիկանին` ասելով, թե «արի մամայիս մոտ մնա, ես գնամ հացի»:

8. Հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա

Երեւանում նոյեմբերի 9-ին` ժամը 19:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք ներխուժել էին Խանջյան-37 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետ եւ հափշտակել մոտ 10 հազար դոլար: Փախուստի դիմելիս նրանք նաեւ կրակոցներ էին արձակել` վիրավորելով 40-ամյա Ռադիկ Զիրոյանին եւ 52-ամյա Լեւոն Ավետիսյանին:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը վայրի զննությամբ հայտնաբերել է կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 եւ անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ:

Հարձակման արդյունքում վիրավորներից 40-ամյա Ռադիկ Զիրոյանի մոտ ախտորոշվել էր աջ սրունքի վերին երրորդականի եւ ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վնասվածք, իսկ 52-ամյա Լեւոն Ավետիսյանի մոտ ձախ ազդրի ստորին երրորդականի եւ սրունքի վերին երրորդականի հրազենային վնասվածք։

9.  Մանկապիղծը դատապարտվել է առավելագույն պատժաչափի

Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանըջ 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Մանկապղծության համար դատապարտված գործարարի փաստաբանը մեզ հայտնեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ համաձայն չեն նրան առաջադրված մեղադրանքի հետ: Ի դեպ, նշենք, որ 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

10. Երկեւ հարձակում «Հայփոստի» բաժանմունքների վրա մեկ շաբաթում

Երեւանում նոյեմբերի 30-ին` ժամը 18:30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում`Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղ դիմակավորված անհայտ անձ է մուտք գործել եւ բացահայտ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ՝ դիմել է փախուստի: «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով:

Երեք օր անց Երեւանում Արաբկիր վարչական շրջանում,  դեկտեմբերի 3-ի առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակում է կատարվել. անհայտ անձը կողոպտել է 27, 117 մլն դրամ: