Այսօրվա իրավիճակում Հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, որովհետև երկու տարի առաջ մենք տեսանք այդ ցեղասպանության իրական շարունակությունը Արցախում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Մենք տեսանք, թե ինչպես նույն ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ Արցախի բռնազավթում և նրա բնիկ, հայ բնակչության համատարած տեղահանություն: Ընդ որում այն մտայնությամբ, որ դա այդպես էլ պետք է լիներ, որ դա է հարցի վերջնական լուծումը, և որ հայ ժողովուրդը ավելին հավակնելու իրավունք չունի։ Դա այդպես չի, Արցախի հարցը փակված չէ, ոնց որ փակված չէ Ցեղասպանության հարցը:

Մենք այստեղ ենք վերահաստատելու մեր վճռականությունը, որ պայքարը շարունակվում է, և պայքարը շարունակվում է ոչ միայն զուտ ճանաչման համար։ Պայքարը շարունակվում է արդարության հաստատման համար, մեր իրավունքների վերականգնման համար, որովհետև ոտնահարվել են մեզանից յուրաքանչյուրի իրավունքները, բոլոր ներկաների իրավունքները, այս հողի վրա ապրող և ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի իրավունքները»,-ասաց նա:

Չալաբյանը հիշեցրեց երկու տարի առաջ իրենց կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը, որով քրեականացում էր նախատեսվում Արցախի անկախությունից հրաժարվելու համար և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար. «Վաղ թե ուշ այդ գործողությունները կքրեականացվեն և բոլոր նրանք, որոնք այդ գործողությունները իրականացրել են, քրեական պատժի կենթարկվեն:

Մենք բնականաբար մեր բոլոր հարևանների հետ ի վերջո պետք է ունենանք հարաբերություններ, բայց եթե Թուրքիան որպես ցեղասպան պետության իրավաժառանգորդ, չի ընդունում ցեղասպանության փաստը, իրականացնում է ժխտման քաղաքականություն, շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, աջակցել է Արցախի օկուպացիային և բռնազավթմանը, շարունակում է, ըստ էության, ցեղասպան քաղաքականությունը նաև այլ ժողովուրդների հանդեպ, որոնք ապրել են նախկին Օսմանյան կայսրության տարածքում, ապա մենք մեզ պետք է հարց տանք՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ հարաբերություններին մեր ոչ միայն մեր անցյալը, այլ մեր ապագան ուրանալու գնով։ Ի՞նչ են տալու մեզ այդ հարաբերությունները։ Կարո՞ղ է այդ հարաբերությունները նրանում արեն, որպեսզի նոր ցեղասպանություն տեղի ունենա։

Թե՞ մենք այնուամենայնիվ պետք է դաս քաղենք անցյալից, հասկանանք, որ ցեղասպան, ագրեսոր պետությանը սիրաշահելով, դու անվտանգություն ձեռ չես բերի, դու ձեռք բերես անվտանգություն քո իրավունքները պաշտպանելով: Հարաբերությունները փորձելով վերահաստատել, մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր անվտանգության մասին, իսկ մեր անվտանգությունը պահանջում է բնականաբար շարունակել պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման համար։

Թուրքիային սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը, մեր ընդհանուր դիմադրողականության և դիմակայության թուլացմանը և որպես հետևանք, մենք հնարավորություն ենք տալու Թուրքիային մեզ կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որի արդյունքում մենք ստիպված ենք հեռանալ մեր երկրից, կամ ենթարկվել Թուրքիայի կողմից նոր ցեղասպանության։

Թուրքիայի այսօրվա վարքագիծը ևս մեկ անգամ հավաստում է, որ Թուրքիայի հետ չի կարելի փորձել միակողմանի հարաբերությունը բարելավել։ Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի, իսկ երկկողմանիության կարևորագույն գործոնը պետք է լինի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»,- ասաց նա: