Գերմանիայում 1894թ. տեղի ունեցած մի փոքր իրադարձություն կարող էր փոխել 20-րդ դարի համաշխարհային պատմությունը: Ինչպես հայտնում է newsru.com-ը, վկայակոչելով The Daily Mail-ը, գերմանական թերթերի արխիվների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադոլֆ Հիտլերի անունը կարող էր անհայտ մնալ, եթե նա խեղդվեր գետում:

Թերթերը վկայում են, որ 1894թ. հունվարին 4-ամյա մի տղա ընկել է Ինն գետը հարավգերմանական Պասսաու քաղաքում: Այդ քաղաքում էլ ապրում էր Հիտլերի ընտանիքը: Խեղդվող տղային փրկել է մեկ այլ երեխա: Թեեւ Donauzeitung թերթում անուններ չեն նշվել, պատմաբանները հակված են կարծելու, որ փրկված երեխան հենց ֆյուրերն է եղել: 1980թ. մի քահանա մահից առաջ պատմել է, թե իր նախորդը մանուկ հասակում երեխայի է փրկել, ով էլ եղել է Հիտլերը:

Տվյալ դրվագը կա նաեւ Աննա Էլիզաբեթ Ռոսմուսի գրքում, որտեղ նշվում է, թե Ինն գետի ափը հրաշալի վայր էր մանկական խաղերի համար, եւ այդ զվարճանքներից մեկի ժամանակ էլ փոքրիկ Ադոլֆն ընկել էր գետը, եւ ի դբախտություն միլիոնավոր մարդկանց նրան փրկել է հարեւանի տղան: