Ես ափսոսանքով պիտի ասեմ, որ խնդիրը արդեն մեկ ամսից ավելի է՝ լուծում չի ստանում, թեեւ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել էր, որ դրանք զուտ մաքսային գործընթացներ են, այսինքն ոչ մի ենթատեքստ, ոչ մի դիտավորություն չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայ–բուլղարական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Գագիկ Մակարյանը։
Նշենք, որ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։
«Պետք է հոգ տարվի, որ «հայ–վրացական բարեկամություն» բառերը չակերտների մեջ չհնչի, այլ իրականություն համարվի, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում վրացական կողմից, բացարձակապես հակասում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։ Տրանզիտային բեռները պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով, Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը, և զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները և ՀՀ ներկայացուցիչը առևտրի համաշխարհային կազմակերպությունում չի դիմում դեռևս այդ դժգոհությունը արտահայտելու համար։
Ես կարծում եմ, որ մեր պետական մարմինները, որոնք միշտ խոսում են այն մասին, որ պետք է հարկատուներին հարգել, սա այն կոնկրետ դեպքն է, որ պետք է հարկատուներին հարգել և հարկատուներին շահերը պաշտպանել։
Հայաստանի կոնյակագործությունն ունի դարերի պատմություն, դա Հայաստանի գերակա ճյուղերից մեկն է, նաև չմոռանանք, որ ընդամենը չորս ամիս հետո խաղողի մթերման ժամանակ է մոտենում, և պետական մարմինները պետք է թակեն կոնյակագործների, գինեգործների դռները, որպեսզի խաղողի մթերում կատարվի։ Պետք է բաց երեսով կարողանան թակել այդ դռեները»,–ասաց Գագիկ Մակարյանը։
Նա նկատեց, որ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիա–Ադրբեջան զույգի ազդեցության տակ. «Վրաստանի ներմուծման ծավալները 11 միլիարդ են, իսկ արտահանումը ընդամենը 3-3,5 միլիարդ։ Այսինքն թույլ տնտեսություն ունեցող պետության է վերածվում Վրաստանը, որտեղ արտահանումը 30-35%-ից չի անցնում։ Դա շատ վատ ցուցանիշ է ներմուծման համեմատ, այսինքն դեֆիցիտը 70% է։ Դրան պլյուս առաջին գործընկերը Թուրքիան և Ադրբեջան են միասին վերցրած 3 միլիարդ դոլարից ավել։ Երկրորդ տեղում արդեն Ռուսաստանն է և այլ երկրներ։
Հետևաբար կարծում եմ՝ Վրաստանը այս քայլով հաճոյանում է թուրք–ադրբեջանական զույգին»։
Մակարյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ Վրաստանը արտահանում է մոտավորապես 250 միլիոն դոլարի գինիներ և կոնյակ. «Կոնյակը ընդամենը կազմում է 1.5 միլիոն շիշ, որը շատ փոքր թիվ է։ Հայաստանի կողմից կոնյակի արտահանման ծավալը կազմում է 20-25 միլիոն շիշ։ Վրաստանի այս գործելակերպը և առավել որ նա վերցնում է մեր արտահանողների փաստաթղթերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, թե որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, և այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ որ վաղը մյուս օրը փոխանցելու են իրենց կոնյակագործներին և փորձելու են այս շուկան խաթարելով գրավել աստիճանաբար։ Սա տեռոր է, տնտեսական տեռոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ»,–– հայտարարեց Գործատուների միության նախագահը։











