Վրաստանը չորս բրենդով կոնյակներ է արտադրում. Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ, իհարկե նրանց կոնյակները որակով շատ կտրուկ զիջում են, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անընդհատ գրոհում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրոհում են մեր կոնյակագործության և խաղողագործության վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայ–բուլղարական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Գագիկ Մակարյանը։
Նշենք, որ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։
«Վաղը, մյուս օրը, եթե այդ խաղողը չմթերվի, դուք պատկերացրեք ինչպիսի դժգոհություն պետք է լինի գյուղացիների, ֆերմերների կողմից և և նաև դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ և գինի վերամշակող արտադրողների և ֆերմերների միջև։ Նրանք հարկադրված են լինելու չմթերել, քանի որ իրենք չգիտեն, թե ապագան ինչպիսին է լինելու։ Այսօր շատ գործարաններ ունենք, որ իրենց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել այս քաշքշուկի պատճառով։
Ես կարծում եմ, որ նաև պետք է Հայաստանը դիմի ԵԱՏՄ-ին, որովհետև որպես ԵԱՏՄ անդամ պետություն և բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստան, բեռի ստացողը Ռուսաստանն է։ Երկու ճակատով Առևտրի համաշխարհային կազմակերպություն և ԵԱՏՄ պետք է դիմել։
Վրաստանի դեսպանությունը կարծում եմ ոչինչ չի անի, իրենք խորհրդավոր կեցվածք են ընդունել և որևէ ասելիք չունեն, բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրուկ լինեն, և այսօրվա միտինգը ես ողջունում եմ, սա նաև աջակցություն է մեր պետական մարմիններին, որովհետև մեր պետական մարմինները իրազեկված են, բայց իրենց ոչ ակտիվ և լուռ վիճակը ցույց է տալիս, որ իրենք տիրապետում են իրավիճակին, գիտեն վիճակը ինչ է, ենթադրում են՝ որտեղից է հարվածը գալիս, բայց հավանաբար, չեն ուզում դա քաղաքական մակարդակով ներկայացնել։
Մենք պետք է օգնենք մեր կառավարությանը այսպիսի բողոքներով, այսպիսի միտինգներով, որպեսզի դա լսելի լինի նաև այլ դեսպանությունների, այլ համապատասխան մարմինների։
Ես կարծում եմ, որ այստեղ բացարձակապես Հայաստանը խնդիր չունի, ինքը ճիշտ է վարվում և նաև արտադրողները ու ֆերմերները ճիշտ են վարվում, ուղղակի պետք է լսելիությունը դարձնել պետական մակարդակով, որովհետև միայն միտինգների մակարդակով խնդիրը կարող է ձգձգվի և ինքը իրեն մարի։ Պետությունը պետք է կանգնի իր հարկատուի կողքին, իր արտադրողի կողքին, իր քաղաքացու կողքին, որոնք աշխատում են այդ գործարաններում։ Դա կարևոր գերակա ճյուղ է, արտահանման ճյուղ է։ Տարիներ առաջ մեր կոնյակագործությունը, ալկոհոլային խմիչքները Հայաստանի արտահանվող ապրանքների առաջին հնգյակի մեջ են եղել, հիմա մի փոքր հետ են մղվել, որովհետև Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառով այլ արտադրանքներ են մղվել առաջ, բայց դա չի նշանակում, որ ոլորտը իրեն սպառել է, ոլորտը կա և մնում է»,– հայտարարեց Գագիկ Մակարյանը։











