Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանի երրորդ Հանրապետությունը, նաեւ ազգային ինքնության հիմքերը, և պատահական չէ, որ նա այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում և իր ամբողջ թիմը հարձակում են սկսել Հայաստանյայց առաքելական  եկեղեցու և նրա հայրապետի վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սա պատահական չի, սա հարձակում է հայ ինքնության, հարձակում է հայոց պատմության, հայ ազգի նկատմամբ։ Եվ յուրաքանչյուր իրեն հայ համարող ու առաքելական համարող մարդ պետք է կանգնի կաթողիկոսի և Վեհափառի, Վեհարանի և մեր եկեղեցու կողքին։ Նիկոլ Փաշինյանը ո՞վ է, որ ինքն է առաջարկում կամ պնդում, որ Վեհափառը պետք է հրաժարական տա։  Կաթողիկոսը գտնվում է Լուսավորչի գահին, կաթողիկոսը Աստծո օծյալ է՝ անկախ իր անձից։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական, ուզում է նոր պավլիկյան շարժում լինի, բայց մենք տեսանք պավլիկյանների հետ հոնդրակյաններն էլ ինչ տխուր հետևանք ունեցան։

Մենք բոլորս մեր եկեղեցու հետ պետք է լինենք, որովհետև եկեղեցին հավատավոր ժողովուրդն է։ Չեմ կարծում, որ որևէ հավատավոր քաղաքացի Փաշինյանի կոչն ընդունի, եթե ընդունում է, նշանակում է նրանք ոչ թե հավատավոր քաղաքացի են, այլ հայ առաքելական եկեղեցու և հայ ազգի հակառակորդներ և իրականացնում են Փաշազադեի, Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացնում է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը»,– հայտարարեց նա։