Անվստահության գործընթացը մեկնարկել է և մենք տեսնում ենք, որ այլևս ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երկու ճանապարհ կա Նիկոլ Փաշինյանից ազատվելու, մեկը անվստահություն հայտնելն է, երկրորդը ընտրություններն է։ Ընտրությունից մեկ տարի դեռ կա և հայ ազգի համար, յուրաքանչյուր ընդդիմադիր և սրտացավ քաղաքացու համար մեծ շռայլություն կլինի, սպասել մինչև հունիսի ընտրությունները, թե այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը էլ ինչ է հանձնելու։ Այս ընթացքում մենք պետք է իրականացնենք անվստահության գործընթաց։ Սա ոչ թե նոր վարչապետ ընտրելու գործընթաց է, դրա վրա չպիտի կենտրոնանանք, սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը այլևս ստորագրել է, «Հայաստան» խմբակցությունը իր կարծիքը արտահայտել է և նշել է, որ պատրաստ է 28 պատգամավորի ստորագրությունը տալ և կոչ է արել կամ առաջարկ է արել բանակցությունների։ Ես կարծում եմ՝ բանակցությունները կլինեն և շատ դրական են վերաբերում այդ հայտարարությանը։

Այլ տարբերակ չկա, եթե մենք ուզում ենք մեր պետության կործանարար ընթացքը կանգնեցնել, պետք է քայլ անենք։

Ընտրությունը հաջորդ տարվա հունիսի 7–ին է, մի տարի պիտի սպասենք, թե մի հատ վերափառի վրա հարձակվի, հետո ընտանիքի վրա հարձակվի, հետո Տիգրանաշենը տա, հետո խաղաղության պայմանագիր կոչվող Հայաստանի ադրբեջանացում անի, էլ ի՞նչ պիտի անի։

«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին, որին ես շատ դրական եմ վերաբերում։ Մարդ է, որը 2018 թվականից սկսած ամեն օր պայքարել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղաքական բանտարկյալն է, մայիսի 31-ին 2018-ին Դավիթին ձերբակալել են, կալանավորել են, շուրջ երեք ամիս Դավիթը նստած է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դրանից հետո մարդը ոչ թե շատերի նման զադնին քաշել, նստել է իրենց տանը, այլ պայքարի հետ է եղել։

Այս մարդը հաղթել է Մասիսի քաղաքապետի ընտրություններում։ Անվստահության գործընթացը նպատակին հասնելու համար մեզ պետք է թեկնածու, որը ունի փորձ, անկոտրում կամք, ազգային արժեքներ, այս մարդը երեքն էլ ունի»,– ընդգծեց Շարմազանովը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ից ասում են, որ իրենց ավելի մեծ լավություն, քան հենց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը առաջադրելն է, չէին կարող անել, և նաեւ տեսանյութեր են տարածումՀՀԿ խոսնակն ասաց. «Եթե 2018 թվականի Երեբունու գործի մասին է, Դավիթ Համբարձումյանի այդ գործը կարճվել է, այդ մարդու վրա քաղաքական ճնշում են բանազրել։ Կարծում եք՝ ՔՊ-ն պիտի որևէ մի հանրապետականի կամ որևէ մի ընդդիմադիրի թեկնածություն ծափահարություններով դիմավորե՞ր»։

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը չունի բավարար թվով ձայներ վարչապետին անվստահություն հայտնելու համար, Շարմազանովն ասաց. «Ամեն ինչ հերթով. 1-2 ամիս առաջ նույնիսկ ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամասնությունը անլուրջ էր համարում այս գործընթացը։ Հիմա արդեն գործը հասել է նրան, որ ունենք թեկնածու և երկու խմբակցություններն արդեն պատրաստվում են այդ օրակարգի շուրջ քննարկում ծավալել»։