Լեհ ռազմական դատախազ Միկոլայ Պշիբիլը, ով մամլո ասուլիսի ընթացքում կրակել էր ինքն իր վրա, հունվարի 12-ին հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Բիդգոշ քաղաքի այն բժշկական հաստատության տնօրենը, որտեղ այժմ գտնվում է գնդապետը:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ դատախազի սթրեսի պատճառը դարձել է լեհական զինված ուժերում կոռուպցիայի հետաքննման մասին ստացած հանձնարարականը: Պշիբիլն   իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն քանիցս փորձել են սպանել եւ որ իր սպանության դիմաց միլիոն զլոտա է խոստացվել: Կյանքին վերջ տալու գաղափարին Պշիբիլը, իր խոսքով, հանգել է այն բանից հետո, երբ իրեն հանիրավի մեղադրել են պաշտոնեական հանցագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Լեհաստանի զինվորական դատախազ, գնդապետ Միկոլայ Պշիբիլը ելույթ է ունեցել մամլո ասուլիսում, որը նվիրված է եղել Սմոլենսկի շրջակայքում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռի վթարի գործի հետաքննությանը:

Ասուլիսի ընթացքում նա պաշտպանել է գործընկերներին եւ լրագրողներին բացատրել, որ իր գերատեսչությունը օրինական հիմունքներով է գաղտնալսել հեռախոսազրույցները: Ինչ-որ պահի Պշիբիլն ընդմիջում է հայտարարել` լրագրողներին խնդրելով լքել սրահը, ինչից հետո փորձել է կրակել գլխին, բայց անհաջող: