«Կոստա Կոնկորդիա» խորտակված նավի վրա եղած ռուսները, տուն վերադառնալով, պատմել են, թե տարհանման ժամանակ ինչ է կատարվել նավի տախտակամածին: Ականատեսները ջերմորեն են արտահայտվում տեղի բնակչության մասին եւ փնովում նավի անձնակազմին:
Ոմանց կարծիքով, եթե չլիներ ռուս զբոսաշրջիկների սառնարյունությունը, նավի զոհերի թիվը կարող էր ավելին լինել: Արտակարգ պատահարի այլ ականատեսներն էլ պնդում են, որ տարհանումն իրականացրել են ֆիլիպինցի ծովայինները եւ ամեն ինչ բավական կազմակերպված է կատարվել: Կան նաեւ սարսափների մասին պատմություններ, որոնց իսկությունն առայժմ դժվար է գնահատել:
«Վեստի»-ի փոխանցմամբ, շատ ուղեւորներ պատմում են, որ տարհանումը անկազմակերպ է եղել, անձնակազմը սկզբում անգամ չի էլ տեղեկացրել մարդկանց, թե ինչ է կատարվել, միայն ասել են, որ էլեկտրականության հետ կապված խնդիրներով պայմանավորված` հարկավոր է շտապ լքել նավը:
Ռուս զբոսաշրջիկների պնդմամբ` նավապետն ու անձնակազմն իրենց չափազանց փոքրոգի են դրսեւորել: Անձնակազմը փախել է նավից, իսկ զբոսաշրջիկները ստիպված են եղել ինքնուրույն փրկվել: Ինչպես Life News-ին հաղորդել են ռուսները, վերջիններից մեկը նավը լքել է ռուս վիրավոր ուղեկցորդուհին. Այժմ դեմքի կտրվածքներ ստացած կինը հիվանդանոցում է:
Ինչպես պնդում են Բենկովսկիների եւ Կուչինների ընտանիքները, որոնք Հռոմից Մոսկվա են ժամանել երկուշաբթի առավոտյան, նավի վրա իրարանցումից հաջողվել է խուսափել ռուսների շնորհիվ: Ալեքսեյ Կուչինի խոսքով` հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ ֆիլիպինցիները, որոնք անձնակազմի մեծամասնությունն էին կազմում, շատ վատ էին խոսում անգլերեն: Ուղեւորի խոսքով նախաձեռնությունն իրենց վրա են վերցրել ռուս զբոսաշրջիկները, ովքեր սկսել են փրկարարական ժիլետներ բաժանել եւ ուղեւորներին նստեցնել փրկարարական մակույկներ:
Բենկովսկիների պնդմամբ` նավն առաջինը լքել է նավապետը. Երբ մարդիկ վազել են դեպի փրկարարական մակույկները, նա արդեն նստած է եղել դրանցից մեկում:
Տարհանման մասին հայտարարությունից հետո նավի վրայի իրարանցման եւ քաոսի մասին պատմել են նաեւ այլ երկրների ուղեւորները: Ինչպես պարզել է բրտանական The Daily Mail-ը, բոլորը ձգտել են արագ նստել մակույկները. Տղամարդիկ, մոռանալով ծովային հին ավանդույթը` «առաջինը փրկում են կանանց եւ երեխաներին», հուսահատ պայքարում էին նավակում տեղավորվելու համար:
Ինչպես հրատարակչությանը տեղեկացրել են ԱՄՆ-ի ուղեւորները, սկզբում ինը լեզուներով հայտարարավել է էլեկտրականության խափանումների մասին: Նավի անձնակազմը հանգստացրել է ուղեւորներին` ասելով, որ դեռ ամեն ինչ կարգին է, եւ 45 րոպե անց հայտարարվել է տարհանման մասին: Նավի ուղեւորների խոսքով` լարվածությունն այնքան մեծ է եղել, որ նավի տարեց ուղեւորները ափ հասցվելուց հետո ուշաթափվել են ապրած սթրեսի պատճառով: Որոշ ուղեւորներ խոստովանում են, որ այլեւս երբեք նավ չեն նստի:
Օտարերկրացիները հաստատում են ռուսների վկայութոյուններն այն մասին, որ նավապետը տարհանվածների առաջին խմբում է եղել:
Որոշ ուղեւորներ ցնցող մանրամասներ են պատմում տարհանման մասին: Այսպես, 28-ամյա Ալեքսանդրա Ալեքսեյչիկը Life News-ին հայտնել է, որ մակույկները չեն հերիքել եւ ծնողները, երեխաներին փրկելու համար, նրանց բառի բուն իմաստով նավից նետել են հեռացող մակույկների մեջ:
«Այնտեղ սպանդանոց էր, մարդիկ ընկնում էին նավից, նրանց խաշտանգում էին նավի շեղբերը», - պնդում է աղջիկը, որը մոր հետ նավի վրա էր գտնվել: Աղջկա համոզմամբ` Իտալիայի իշխանություններնն ակնհայտորեն նվազեցնում են զոհերի թիվը: Ըստ նրա` դրանք 20-ից ոչ պակաս էին, գրում է NEWSru.com-ը:











